ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը ժամանակակից արվեստի ոլորտում:

Փոխնախարարը նշել է՝ ռազմավարությունն այն հիմնարար փաստաթուղթն է, որով պետք է առաջնորդվել առաջիկա տարիներին մշակույթի ոլորտում գործունեություն իրականացնելիս:

Ըստ Դանիել Դանիելյանի՝ մշակույթի ռազմավարությունը կառուցված է մեկը մյուսից բխող երեք շղթայական օղակներից՝ ոչ նյութական մշակութային ժառանգություն՝ որպես պատմական մշակութային արժեք, կատարողական արվեստ և երրորդ օղակը՝ ինչպես, ում և երբ ներկայացնել մշակույթը, ովքեր են թիրախները:

«Մշակութային և ստեղծարար ոլորտի ռազմավարական նպատակին՝ նորարար, ներկայանալի և մրցունակ հայ ժամանակակից արվեստ ունենալու համար սահմանվել ենք 6 հիմնական գերակայություն»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Նշված գերակայություններից է մշակույթի կառավարման ժամանակակից համակարգերի և ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը, որը կհիմնվի հաստատության գեներացրած եկամուտները պետական աջակցությամբ ավելացնելու սկզբունքի վրա. նախորդ տարվա համեմատ՝ ավելացված մուտքերը պետության կողմից կկրկնապատկվեն:

«Ռազմավարությունում նախանշված գերակայություններից է թատերահամերգային կազմակերպություններում նյութատեխնիկական բազայի արդիականացումը: Արդեն իսկ միջոցներ են հատկացվել թատրոնների վերազինման, աշխատանքային միջավայրի բարելավման ուղղությամբ: Այդ աշխատանքներն ընթացքի մեջ են: Հանդիսատեսը մշակույթին պետք է հաղորդակցվի ներկայանալի կառույցներում»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ ներկայացնելով Սունդուկյանի անվան, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական, Վանաձորի թատրոններում իրականացված և նախատեսվող աշխատանքները:

Երիտասարդ ստեղծագործողներին խրախուսելու և աջակցելու համատեքստում Դանիել Դանիելյանն ընդգծել է հաջորդ գերակայության՝ ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների գործունեության խթանման կարևորությունը: «Բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ ունենք, որոնք մասնակցում են միջազգային տարբեր մրցույթների և վերադառնում հաղթանակով: Մեր խնդիրն է պատշաճ գնահատել նրանց և խրախուսել տարբեր հեղինակավոր հարթակներում նրանց մասնակցությունը»,- ասել է փոխնախարարը՝ այս գործընթացում կարևորելով մասնավոր հատվածի հետ համագործակցությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն անդրադարձել է նաև գեղագիտական դաստիարակության և գեղարվեստական կրթության համակարգի կատարելագործման, համայնքներում մշակույթի համաչափ զարգացման ապահովման հարցերին. «Մենք առաջնային ենք համարում մշակույթի ապակենտրոնացումը՝ համայնքների համաչափ զարգացմամբ և հասանելիության ապահովմամբ: Նախատեսվում է մեծացնել նաև արվեստի և երաժշտական կրթության դասավանդման ծավալները՝ մասնագիտական և հենակետային դպրոցների հիմնմամբ»:

Փոխնախարարը, որպես գերակայություն, ընդգծել է նաև հայ մշակույթի հանրահռչակումն ու հանրային լայն մասնակցության ապահովումը մշակութային կյանքին՝ թե՛ Հայաստանի ներսում, թե՛ ՀՀ սահմաններից դուրս: Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգային ծրագրով այժմ գտնվում է Աթենքում՝ Արամ Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում: Նշվել է նաև, որ նույն ծրագրի շրջանակում Օպերային թատրոնը հանդես կգա Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, իսկ Սիմֆոնիկ նվագախումբը կմեկնի Չինաստան:

Ամփոփելով ասուլիսը՝ Դանիել Դանիելյանը նշել է, որ 2024 թվականը ևս հոբելյանական է. կձևավորվեն հոբելյանական հանձնաժողովներ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակները պատշաճ անցկացնելու նպատակով: