Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները նոյեմբերի 11-ից Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մասնակցում են Եվրոպայի թիմային առաջնությանը:

Տղամարդկանց թիմի կազմում ընդգրկված են Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը, իսկ կանանց թիմի կազմում՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը և Սուսաննա Գաբոյանը:

Եվրոպայի թիմային առաջնության շրջանակում արդեն կայացել են երեք տուրի պարտիաներ:

Տղամարդկանց հավաքականն առաջին խաղափուլում 2.5:1.5 հաշվով հաղթել է Չեռնոգորիային, երկրորդում ոչ-ոքի է խաղացել Խորվաթիայի հետ, իսկ երրորդ տուրում 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ավստրիայի նկատմամբ: Երրորդ տուրում տղամարդկանց թիմին հաղթական միավոր է պարգևել Սամվել Տեր-Սահակյանը: Գաբրիել Սարգսյանի, Հրանտ Մելքումյանի և Շանթ Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Կանանց թիմն առաջին խաղափուլում 3:1 հաշվով առավելության է հասել Չեխիայի նկատմամբ, երկրորդում 1.5:2.5 հաշվով պարտվել է Սերբիային, իսկ երրորդում 3.5:0.5 հաշվով հաղթել է Իտալիային: Երրորդ տուրում հաղթանակներ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը: Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի է խաղացել:

Չորրորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Իսրայելի, իսկ կանանց թիմը՝ Շվեյցարիայի հետ:

Եվրոպայի թիմային առաջնությունը կավարտվի նոյեմբերի 20-ին: