Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականը 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել:

Աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել ու պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել Արամ Աղաջանյանն ու Վահրամ Գրիգորյանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Չալյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր:

Մարզական սամբոյի 71 կգ քաշայինների եզրափակչում Արամ Աղաջանյանը գոտեմարտել է Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Ռամեդ Գուկևի հետ և 0-3 հաշվով զիջել մրցակցին բավականին լարված գոտեմարտում: Աղաջանյանը երեք վստահ հաղթանակներ էր տարել ճապոնացի, բելգիացի և FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող մարզիկների նկատմամբ և դուրս էր եկել եզրափակիչ:

Այս քաշային կարգում մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Աղաջանյանն իր հաղթանակը նվիրել է սահմանին կանգնած զինվորներին.

«Այնքան էլ գոհ չեմ արդյունքիցս. մրցումներից մի փոքր առաջ ուսի վնասվածք էի ստացել, ինչը խանգարեց ինձ ցույց տալ այն, ինչին ունակ եմ: Հուսով եմ՝ հաջորդ անգամ կստացվի չեմպիոն դառնալ: Շնորհակալություն եմ հայտնում մեր մարզիչներին՝ Վովիկ Խոջայանին, Հայկ Ավետիսյանին, Էռնեստ Միրզոյանին, քանի որ իմ այս նվաճման մեջ իրենց ներդրումը շատ մեծ էր:

Հաղթանակս նվիրում եմ հայ ազգին ու սահմանին ամուր կանգնած զինվորներին: Անբացատրելի զգացողություններ ենք ունենում հարազատ պատերի ներքո մրցելիս և մեդալ նվաճելիս: Երկրպագուներն ինձ շատ օգնեցին ու նպաստեցին իմ հաջողությանը: Հուսով եմ՝ կարողացա ուրախացնել նրանց»,- ասել է հայ մարզիկը:

Մարտական սամբոյի 64 կգ քաշայինների եզրափակչում Վահրամ Գրիգորյանը զիջել է դարձյալ FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող Շեյխ-Մանսուր Խաբիբուլաևին և բավարարվել արծաթե մեդալով:

Գրիգորյանը խոստովանում է՝ 40 տարեկանում աշխարհի առաջնության փոխչեմպիոն դառնալը պատիվ է. «Ինչը՞ խանգարեց չեմպիոնության համար. տարիքս, ժամանակը. արդեն 40 տարեկան եմ: Այս տարիքում աշխարհի առաջնության արծաթե մեդալին արժանանալը մեծ պատիվ է ինձ համար, մեր ազգի համար: Իմ ազգն ու իմ հողն ինձ ուժ տվեցին: Ես բնավորություն ցույց տվեցի ու կարողացա պատվով ներկայանալ»:

88 կգ քաշային Վահագն Չալյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել էր վրացի մրցակցին, այնուհետև առավելության հասել տաջիկ Օլիմշոևի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել էր Ղրղզստանի ներկայացուցիչ Ժալամբեկ Ասիմբեկովին և բավարարվել բրոնզե մեդալով:

Պարգևատրումից հետո Չալյանը ևս մեկնաբանել է իր նվաճումը. «Աշխարհի առաջնությունը տարվա կարևորագույն ու բարդ մրցաշարն է: Գոհ եմ բոլոր ելույթներիցս: Կիսաեզրափակչում կարող էի հաղթել մրցակցին. այս տարի արդեն նրան հաղթելու փորձ ունեցել եմ, բայց այս անգամ չստացվեց: Բավականին բարդ վիճակահանություն էր, բոլոր մրցակիցները դժվար էին: Այսօր բավարարվեցի բրոնզով: Երկրպագուների աջակցությունը հիանալի էր: Մթնոլորտն աննկարագրելի էր, ու շատ էր օգնում մեզ: Սեփական հարկի տակ՝ նման աջակցությամբ, կարելի է ասել՝ արդեն մի քանի միավորով առավել ես մրցակիցներից»:

Հիշեցնենք՝ մրցումային երկու օրերի արդյունքներով Հայաստանի հավաքականներն արդեն 6 մեդալ են նվաճել: Երեկ ԱԱ-ի բրոնզե մեդալներին արժանացել էին Սարգիս Վարդանյանը (մարտական սամբո, 79 կգ քաշային կարգ) Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ) և Վարսիկ Գրիգորյանը (54 կգ):