Հայաստանի հավաքանները 10 մեդալով են ավարտել ելույթները Երևանում անցկացված սամբոյի մեծահասակաների աշխարհի 2023 թվականի առաջնությունում:

Մրցումային վերջին՝ երրորդ օրը, ԱԱ-ի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են Ավետիք Պողոսյանը, Բորիս Շատվերյանը և Դավիթ Գրիգորյանը, իսկ ցերեկային մրցահերթում բրոնզե մեդալակիր է դարձել Վաչիկ Վարդանյանը:

Մարտական սամբոյի 88 կգ քաշայինների եզրափակչում Ավետիք Պողոսյանը գոտեմարտել է Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Սայիդ Սայիդովի հետ և զիջել մրցակցին: Պողոսյանը մեկնարկային գոտեմարտում 6:2 հաշվով առավելության էր հասել Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ, այնուհետև ուժեղ էր գտնվել Թուրքմենստանի և Ղրղզստանի ներկայացուցիչներից: Այս քաշային կարգում մրցանակակիր դարձած մարզիկների պարգևատրման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ավետիք Պողոսյանի խոսքով՝ երկրպագուների աջակցությունն իրենց շատ է օգնել. «Տարվա կարևորագույն մրցումն էր. այսօր այսպես ստացվեց, պետք է աշխատենք սխալների վրա և գերազանցենք այն, ինչ արել ենք: Մյուս տարի գորգը ցույց կտա: Մրցաշարն իսկապես ամենաբարձր մակարդակով էր կազմակերպված: Շատ մրցաշարերի ենք մասնակցել աշխարհում, բայց նման առաջնություն սամբոյում դեռ չէր եղել: Երկրպագուների աջակցությունը շատ հզոր էր, նրանք շատ օգնեցին մեզ: Շնորհակալություն եմ հայտնում մեր ազգին աջակցության, ու նաև մեր մարզիչներին՝ իրենց կատարած մեծ աշխատանքի համար»:

Մարզական սամբոյի 79 կգ քաշայինների եզրափակչում Բորիս Շատվերյանը, որն այս տարի ավելի վաղ հռչակվել էր ԱՊՀ խաղերի չեմպիոն, զիջել է Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Հարկովին: Մինչ այդ Շատվերյանը երեք վստահ հաղթանակներ էր տարել Մոլդովայի, Իրաքի և Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող մարզիկների նկատմամբ ու դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ արդեն ուժեղ էր գտնվել FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսանդր Կոկշայից: Այս քաշային կարգում մրցանակակիր դարձած մարզիկներին պարգևատրել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Բորիս Շատվերյանը խոստովանում է՝ երրորդ գոտեմարտում թուլացել էր, բայց լսելով երկրպագուների ձայները՝ կարողացել է ուժ գտնել իր մեջ. «Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, որոնք այստեղ էին ու աջակցում էին մեզ: Երրորդ գոտեմարտի ժամանակ թուլանում էի, բայց լսելով ձեր ձայները՝ ուժ էի գտնում իմ մեջ. դա անբացատրելի էր: Երևի տակտիկական սխալները խանգարեցին, առաջին մեղավորը ես եմ: Խոստանում եմ՝ կշտկեմ բոլոր սխալներն ու Հայաստանի պատիվը կշարունակեմ բարձր պահել»:

Մարզական սամբոյի 98 կգ քաշայինների եզրափակչում Դավիթ Գրիգորյանը զիջել է Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Անտոն Կոնավալովին և դարձել արծաթե մեդալակիր: Հայ սամբիստը երեք վստահ հաղթանակներ տանելով՝ դուրս էր եկել եզրափակիչ: Մրցանակակիրներին պարգևատրել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

Աշխարհի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր և Եվրոպայի չեմպիոն Վաչիկ Վարդանյանը Երևանում անցկացված առաջնությունում բավարարվել է բրոնզե մեդալով: Մարտական սամբոյի 71 կգ քաշային կարգում Վարդանյանը երկու վստահ հաղթանակներից հետո կիսաեզրափակչում 0:1 հաշվով զիջել է սերբ մրցակցին և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին: Այս քաշային կարգում մրցանակակիրներին պարգևատրել է աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանը:

Վաչիկ Վարդանյանի գնահատմամբ՝ Երևանում անցկացված առաջնությունը լուրջ պատասխանատվություն էր մարզիկների համար:

Հիշեցնենք՝ աշխարհի առաջնության փոխչեմպիոններ են հռչակվել Արամ Աղաջանյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (98 կգ), մարտական սամբոյից՝ Ավետիք Պողոսյանը (88 կգ), Վահրամ Գրիգորյանը (64 կգ):

Բրոնզե մեդալներին արժանացել են Վահագն Չալյանը (88 կգ), Վարսիկ Գրիգորյանը (54 կգ), մարտական սամբոյից՝ Վաչիկ Վարդանյանը (71 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Արման Ավանեսյանը (98 կգ):

Հայաստանի հավաքականներն աշխարհի առաջնությանը մասնակցում էին Վովիկ Խոջայանի գլխավորությամբ: Մարզիչներն էին Հայկ Ավետիսյանը և Էռնեստ Միրզոյանը: