Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները 3 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում անցկացվող աշխարհի առաջնության մրցումային առաջին օրվա արդյունքներով: Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Արման Ավանեսյանը, Վարսիկ Գրիգորյանը և Սարգիս Վարդանյանը:
Սարգիս Վարդանյանը (79 կգ), որն առաջին անգամ էր մասնակցում աշխարհի առաջնությանը, մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել բուլղարացի մրցակցի նկատմամբ, այնուհետև 6:5 հաշվով հաղթել է Տրինիդադ և Տոբագոյի ներկայացուցիչ Ջոշուա Ջեյմսին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել է FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող Զագիդ Գայդարովին և բավարարվել բրոնզե մեդալով:
Այս քաշային կարգում մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ԱԱ-ի հաղթողները կստանան 4000, արծաթե մեդալակիրները՝ 3000, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 2000 դոլար մրցանակ:
Մեկնաբանելով աշխարհի առաջնություններում նվաճած իր առաջին մեդալը՝ Սարգիս Վարդանյանը նշել է. «Հիանալի զգացողություններ ունեմ, թեև իհարկե ձգտում էի ավելի բարձր կարգի մեդալ նվաճել: Սա իմ առաջին մասնակցությունն էր նմանօրինակ խոշոր մրցաշարի ու հանդես եկա ավելի բարձր քաշային կարգում: Ամեն դեպքում, գոհ եմ արդյունքիցս: Համալիրում շատ լավ մթնոլորտ էր, երկրպագուների ոգևորությունն ինձ ավելի մեծ ուժ էր տալիս»:
Արցախցի Արման Ավանեսյանը մարտական սամբոյի 98 կգ քաշայինների մեկնարկային գոտեմարտոմ առավելության է հասել ՖԻԱՍ-ի դրոշի ներքո հանդես եկող Նատալևիչի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, պարտություն է կրել և բավարարվել բրոնզե մեդալով:
Այս քաշային կարգում հաղթող ճանաչված մարզիկներին պարգևատրել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
Եվրոպայի գործող չեմպիոնը խոստովանում է՝ բրոնզի համար չէր, որ պայքարում էր. «Հույս ունեի, որ կկարողանամ չեմպիոնության հասնել, բայց ունենք այն, ինչ ունենք: Պետք է աշխատեմ և փորձեմ սխալներս և թերացումներս շտկել հաջորդ տարվա առաջնությունում: Ինչը՞ խանգարեց. նախապատրաստվելու համար մի փոքր քիչ էր ժամանակս: Արցախից տեղափոխվելուց հետո մոտ մեկ ամիս եմ ունեցել մարզվելու համար: Դա իմ բացթողումն էր: Սխալներս թույլ չտվեցին հաջողության հասնել կիսաեզրափակչում: Տան պատերն, իհարկե, շատ օգնեցին. ավելի հանգիստ էինք մեզ զգում, ու շատ հաճելի էր, որ այդքան երկրպագուները կային: Շնորհակալ եմ երկրպագուներին նման աջակցության համար»,- նշել է Արման Ավանեսյանը:
Կանանց պայքարում 54 կգ քաշային Վարսիկ Գրիգորյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է ռումինացի մրցակցին, վերջինս հասել է եզրափակիչ և Գրիգորյանը շարունակել է պայքարը՝ սփոփիչ գոտեմարտում առավելության հասնելով ուկրաինացի Սնիժանա Պլիշի նկատմամբ։ Վարսիկ Գրիգորյանը բրոնզե մեդալը վիճարկել է բուլղարացի Տանյա Ռադուլովայի հետ և հաղթել է 4:0 հաշվով։
Մրցանակակիրներին պարգևատրել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:
Վարսիկ Գրիգորյանը ևս շնորհակալություն է հայտնել է աջակցության համար. «Աշխարհի մակարդակով մեդալ նվաճելը մեկ մարդու աշխատանքի արդյունք չէ, այնպես որ սա միայն իմ մեդալը չէ: Ուզում եմ շնորհավորել նաև իմ թիմին, սամբոյի մեր մեծ ընտանիքին: Շնորհակալ եմ ինձ հետ աշխատած բոլոր մարզիչներին ու մարզիկներին: Առաջին գոտեմարտում, ցավոք, չստացվեց հաջողության հասնել, բայց շատ ուրախ եմ, որ վերջնարդյունքում կարողացա մեդալ նվաճել: Ափսոսում եմ, որ Հայաստանում հանդես գալով՝ միայն բրոնզե մեդալ նվաճեցի, ամեն դեպքում չեմ հուսահատվում: Հուսով եմ՝ այս հաղթանակս կոգևորի նաև սկսնակ սամբիստներին՝ ունենալ նպատակներ, հավատալ իրենց ուժերին և սիրել այն, ինչ անում ես»:
ԱԱ-ի մրցումային օրն ամփոփել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը. «Հայաստանի հավաքականն ամբողջական կազմով է մասնակցում աշխարհի առաջնությանը: Իհարկե, լավ է, որ արդեն երեք մեդալ ունենք, բայց վատ է, որ դեռևս ոսկի չունենք: Վաղը և մյուս օրը դեռ շատ գոտեմարտեր ունենք, առավել քան վստահ եմ՝ ամենաբարձր հարգի մեդալներ դեռ ունենալու ենք: Շատերն ասում են, որ սամբոյի պատմության մեջ այսպիսի գեղեցիկ բացման արարողության ներկա չէին եղել: Նույնը նաև առաջարկվող պայմանների ու ենթակառուցվածքների վերաբերյալ՝ թե՛ դահլիճների, թե՛ մարզիկների կեցության, սնունդի և տրանսպորտային ծառայությունների մասով:
Իհարկե, թերություններ չեն կարող չլինել: Սա գործընթաց է, որը պետք է կայանա և այդ ընթացքում սխալներ էլ են լինում, բայց դրանք այնքան աննշան են, որ ամենևին չեն ստվերում այն փայլը, որն ունի սամբոյի աշխարհի այս առաջնությունը»:
Նոյեմբերի 11-ին՝ մրցումային երկրորդ օրը, մրցահարթակ են դուրս գալու մարզական սամբոյի տղամարդկանց 71 կգ, 88 կգ և + 98 կգ, կանանց 65 կգ և 72 կգ, ինչպես նաև մարտական սամբոյի 58 կգ և 64 կգ քաշային կարգի մարզիկները:
Մրցումների կմեկնարկեն առավոտյան ժամը 10:00-ից, իսկ եզրափակիչները՝ երեկոյան 18:00-ից: