Քվեբեկում կայացել է Ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության և հետազոտությունների նախարարների 7-րդ համաժո­ղովը, որին հեռավար ձևաչափով մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Համաժողովի ընթացքում, որն անցել է փակ ձևաչափով, քննարկվել են ֆրանսալեզու գիտական հրապա­րակումների խրախուսման և ֆրանկոֆոն երկրներում ուսանողական փոխանա­կումների հարցեր, ինչպես նաև Քվեբեկյան հռչակագրի նախագիծը:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտել ներկաներին բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում արդյունավետ համագործակցության համար. «Մեր օրերում դժվար լինի մեկը, որը հետադարձ հայացքով չի ամփոփում անցնող տարին` արձանագրելով ձեռքբերումներն ու կորուստները, նախանշելով առաջ շարժվելու նոր ուղիներ: Հուսով ենք, որ քրտնաջան աշխատանքի և որակական փոփոխությունների շնորհիվ կգտնենք առկա մարտահրավերների հաղթահարման ճանապարհը, և կհարթվեն երկրների միջև քաղաքական ու տնտեսական հակասությունները, որոնք կբացեն փոխշահավետ համագործակցության նոր հնարավորություններ»:

Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ֆրանկոֆոն համագործակցության շրջանակում ընթացող աշխատանքները: Ըստ այդմ՝ կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցությունը և ծրագրային նախաձեռնություններն առավել արդյունավետ կազմակերպելու ու իրականացնելու նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ ձևավորվել է համակարգող աշխատանքային խումբ՝ Հայաստանում գործող ֆրանկոֆոնիայի բոլոր դերակատարների միջև: Այդ շրջանակում պարբերաբար տեղի են ունենում քննարկումներ, և ընդունվում որոշումներ:

Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ խմբի ակտիվ աշխատանքների արդյունքում կյանքի են կոչվել երկու կարևորագույն փաստաթղթեր, որոնց միացել են բազմաթիվ հանրակրթական հաստատություններ: Դրանք են՝ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցում և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր իրականացնելու վերաբերյալ կրթական համագործակցության հուշագիրը և ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագրի իրականացման վերաբերյալ գործընկերության համաձայնագիրը:

«Ցանկանում եմ շեշտել նաև Հայաստանի Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում Ֆրանսիայի ազգային տոնի և Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվող ֆրանսերեն լեզվով մի շարք միջոցառումների անցկացումը: Վերջիններս նպաստում են ֆրանկոֆոն մշակույթի  ևարժեքների   տարածմանն ու  լեզվի  զարգացմանը, ինչպես նաև հնարավորությունընձեռում սովորողներին՝ դրսևորելու   իրենց  լեզվական կարողություններն ու հմտությունները: Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով Ֆրանկոֆոնիայի առաջնային առաքելությանը, մշտապես պատրաստակամ է կրթության և գիտության բնագավառներում համագործակցության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, որի կարևորագույն մասն են ֆրանսերեն լեզվի և մշակութային ու լեզվաբանական բազմազանության առաջխաղացման, կրթության և վերապատրաստման խթանմանն ուղղված աշխատանքները: Այդ է վկայում նաև ֆրանսալեզու գիտական դիվանագիտության առաջին մանիֆեստին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միանալու համաձայնությունը, որը, վստահ եմ, կնպաստի ֆրանսախոս տարածքի երկրների միջև ավելի ակտիվ համագործակցությանը՝ ի նպաստ գիտելիքի միջոցով առաջընթացի»,-նշել է նախարարի տեղակալը՝ ներկաներին մաղթելով արդյունավետ աշխատանք: