ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում՝ 279 մլն 945 հազար դրամ գումարի շրջանակում: Գումարը կուղղվի «500 մանկապարտեզ, 300 դպրոց» ծրագրի շրջանակում մինչև տարեվերջ կառուցումն ավարտվող դպրոցների, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի 96 դպրոցի գույքի ձեռքբերմանը:

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ գումարը կհատկացվի 14 դպրոցի գույքով ապահովման ծրագրին: Նրա խոսքով՝ 2022թ.-ին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին գույք է հատկացվել 6 մոդուլային դպրոցի (Դեղձուտի, Եղեգիսի, Ջրառատի և Արգինայի միջնակարգ, Հագվու և Կաթնաղբյուրի հիմնական դպրոցներ):

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է մոդուլային դպրոցների կարիքների լրացուցիչ գույքագրում: Որոշմամբ նախատեսվում է 66 մլն 103 հազար դրամ հատկացնել մոդուլային դպրոցների գույքով ապահովման համար:

Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում մինչև տարեվերջ նախատեսված է 7 դպրոցի կառուցման ավարտ: Դրանք են՝ Երևանի թիվ 6, թիվ 18, թիվ 111, թիվ 116, թիվ 122 հիմնական, Արագածոտնի մարզի Օհանավանի և Արմավիրի մարզի Պտղունքի միջնակարգ դպրոցները:

«Դպրոցները գույքի մի մասը ստացել են 2022 թվականին, իսկ մյուս մասը կրկին գույքագրվել է նախարարության կողմից: Գույքի տրամադրման նպատակով նախատեսվում է հատկացնել 141 մլն 148 հազար դրամ: Մինչև տարեվերջ կառուցումը կավարտվի, և գույքով կապահովվի նաև Մասիսի թիվ 5 ավագ դպրոցը, որի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականին: Գույքի ձեռքբերման համար կհատկացվի 28 մլն 169 հազար դրամ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ որոշմամբ 42 մլն դրամ է հատկացվում նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին՝ 96 դպրոցի գույքի ձեռքբերման նպատակով:

ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում 248 մլն 546 հազար դրամ գումարի շրջանակում: Գումարը կուղղվի 2021-2022թթ.-ին կառուցված/հիմնանորոգված դպրոցների գույքով ապահովմանը և մինչև տարեվերջ վերակառուցումն ավարտվող դպրոցների մարզադահլիճների շինարարության ծավալների ավելացմանը:

Նշվածը վերաբերում է 10 դպրոցի գույքով ապահովման ծրագրերին: Դպրոցները գույքի մի մասը ստացել են 2021 և 2022թթ.-ին, իսկ մյուս մասը գույքագրվել է նախարարության կողմից: Այս որոշմամբ նախատեսվում է հատկացնել 59 մլն 508 հազար դրամ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում 2021-2022թթ. շինարարությունն ավարտված Երևանի թիվ 95 միջնակարգ դպրոցի և Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի գույքով ապահովմանը:

«Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում 2021-2022թթ.-ին հիմնանորոգվել է 8 ավագ դպրոց: Դպրոցները գույքի մի մասը ստացել են 2021 և 2022թթ.-ին, իսկ մյուս մասը գույքագրվել է նախարարության կողմից: Որոշմամբ նախատեսվում է հատկացնել 95 մլն 361 հազար դրամ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում 2021-2022թթ. հիմնանորոգված 5 դպրոցների գույքով ապահովման համար՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի ավագ դպրոց, Երևանի թիվ 142 ավագ դպրոց, ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի թիվ 1 ավագ դպրոց, ՀՀ Շիրակի մարզի Արթիկի թիվ 3 ավագ դպրոց, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Ակադեմիական վարժարան:

2021-2022թթ.-ին հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքարի N2 միջնակարգ դպրոցում, ՀՀ Լոռու մարզի Ալավերդու թիվ 5 ավագ դպրոցում և ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցում: Նշված 3 դպրոցի գույքով ապահովման համար որոշմամբ նախատեսվում է հատկացնել 78 մլն 648 հազար դրամ:

Որոշմամբ 15 մլն 28 հազար դրամ գումար է հատկացվում մինչև տարեվերջ վերակառուցումն ավարտվող դպրոցների մարզադահլիճների շինարարության ծավալների ավելացման համար: Նշվածը վերաբերում է Փշատավանի միջնակարգ դպրոցին, Սարդարապատի միջնակարգ դպրոցին և Արմավիրի հ. 8 հիմնական դպրոցին: Մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել 15 դպրոցի մարզադահլիճի մասնաշենքի կառուցման աշխատանքները: Միաժամանակ, կավարտվեն նաև 9 դպրոցի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքները: Բոլոր մարզադահլիճները կապահովվեն նաև նոր մարզական գույքով, որի ձեռքբերման համար արդեն կնքվել գնման պայմանագրեր:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դպրոցների շինարարության ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ են գալիս նոր առաջարկություններ և նախաձեռնություններ, որոնք ավելի են լավարկում այդ ծրագրերը: Անդրադառնալով դպրոցների գույքով ապահովմանը՝ վարչապետը մեկ անգամ ևս հանձնարարել է այդ գործընթացում բացառել հին գույքի ներգրավումը: