«ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում նախատեսվող ծախսերի ուղղություններն ու ծրագրերը:

Կրկնակի հատկացումներ՝ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար

ԿԳՄՍ նախարարի դիտարկմամբ՝ կապիտալ ծախսերի կարևոր ուղղություններից մեկը կապված է հուշարձանների ոլորտի հետ:

«2024 թվականին հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար նախատեսված է շուրջ 1 մլրդ 159 մլն դրամ, որը կրկնակի ավելի է 2023-ի համեմատ: Ընդ որում` 2023 թվականին արդեն իսկ էական աճ էր գրանցվել՝ շուրջ 600 մլն դրամի չափով, որը նախորդ տարիների համեմատ զգալի ավելացում էր»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Մասնավորապես՝ 2024 թվականին իրականացվելու են 13 հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման, ևս 9 հուշարձանների պարագայում՝ գիտանախագծային փաստաթղթերի կազմման աշխատանքներ՝ ներառյալ պեղումները:

Մշակույթի ոլորտում էական ներդրումներ են նախատեսվում

ԿԳՄՍ նախարարության բյուջեով նախատեսված է մշակութային հաստատություններում շուրջ 2.3 մլրդ դրամի կապիտալ ծախսեր, ինչը կարևոր է հաստատությունների գործունեության որակի բարձրացման տեսանկյունից:

Նախարարը հայտնել է, որ այս ոլորտում նույնպես ամսական դրամական աջակցության ծրագիր ներդնելու նոր նախաձեռնություն կա մշակույթի այն գործիչների համար, որոնք բարձր նվաճումներ են գրանցել իրենց ոլորտներում՝ միջազգային մրցույթներում, հեղինակավոր փառատոններում: Նախագիծն արդեն շրջանառվել է, 2024 թվականի հունվարից բյուջետավորվել:

Կարևոր քայլեր կան Մշակույթի զարգացման հիմնադրամի ստեղծման ուղղությամբ: 2024 թվականի բյուջեի նախագծում իրականացված է նաև դրա բյուջետավորումը, կանոնադրությունն արդեն իսկ մշակված է: Նախարարի խոսքով՝ հստակ պատկերացում կա, որ թանգարանների վարչատնտեսական կառավարումը պետք է իրականացվի կենտրոնացված եղանակով, իսկ Մշակույթի զարգացման հիմնադրամը պետք է զբաղվի մշակութային հաստատությունների մարքեթինգային քաղաքականության, հանրահռչակման և դրանց խթանման գործընթացների կազմակերպմամբ:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին կամբողջացվի թանգարանների միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրումը:

Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելն արդեն իսկ փորձարկվում է: 2023 թվականի ամռանը Կառավարության որոշմամբ մոդելը ներդրվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 2024 թվականին նախատեսված է վերջերս ազգային կարգավիճակ ստացած Տիկնիկային թատրոնի՝ նոր մոդելին անցումը: Մինչև 2026 թվականը մոդելը կներդրվի բոլոր հաստատություններում:

«Նաև մշակել ենք ելույթավճարների և ատեստավորման կարգ թատերահամերգային կազմակերպությունների համար: Առաջիկայում այդ կարգը նույնպես կհաստատենք: Սա բերելու է մշակութային հաստատություններում ևս աշխատավարձերի բարձրացման ինստիտուցիոնալ և որակյալ մեխանիզմների ստեղծմանը», - ասել է ԿԳՄՍ նախարարը:

2024 թվականին վերսկսվելու է դեռևս 2009 թվականից կասեցված՝ թանգարանների հավաքածուների համալրման ֆինանսավորման գործընթացը:

«2024 թվականը շատ կարևոր է մի շարք հոբելյանների առումով. Շառլ Ազնավուրի, Սերգեյ Փարաջանովի 100-ամյակներն են: Դրանք ոչ միայն Հայաստանի, այլև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և եվրոպական մի շարք երկրների օրակարգում են»,-նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ կան բազմաթիվ համատեղ ծրագրեր, ձևավորվել են հոբելյանական հանձնաժողովներ: Կարևոր աշխատանքներից են լինելու այլ կարևոր հոբելյաններ ևս:

2.5 մլրդ դրամ՝ մարզադպրոցների կառուցման և վերանորոգման համար

Կապիտալ ծախսերի մյուս կարևոր ուղղությունը սպորտի ոլորտն է: Նախարարի խոսքով՝ Կառավարությունը մեծ թափով իրականացնում է մարզական շինությունների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ, իսկ 2024 թվականին այս աշխատանքների համար հատկացված է 2.5 մլրդ դրամ:

Գյումրիում շարունակվելու է Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի կառուցումը. այն նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թվականին: 2024 թվականին կավարտվեն Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցումը, ինչպես նաև Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի մարզադահլիճների վերակառուցման աշխատանքները: 2024 թվականին կմեկնարկեն նաև Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման աշխատանքները:

«Հաջորդ տարի Կառավարությունը կմեկնարկի նաև մարզային տիպային մարզական կառույցների կառուցման աշխատանքները, ինչը շատ կարևոր է: Առաջին տիպային մարզական կառույցները կլինեն Եղեգնաձորում և Բերդում: Արագածոտնի մարզում կմեկնարկեն նաև Ռոման և Մալխաս Ամոյանների անվան ըմբշամարտի մարզադպրոցի կառուցման աշխատանքները: Այժմ դրանց նախագծման, տեխնիկական առաջադրանքների մշակման փուլում ենք»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով սպորտի ոլորտում խրախուսման քաղաքականությանը՝ նախարարը նշել է, որ 213 անձ սպորտային նպաստ է ստանում, 114 հոգի՝ պատվովճար, կա նաև անվանական թոշակների ծրագիրը: Ընդհանուր առմամբ՝ բարձր արդյունքներ ցուցաբերող, հեռանկարային բոլոր մարզիկներն օգտվում են առնվազն մեկ ծրագրից: Պարգևատրումներն ու խրախուսումները վերաբերում են նաև նրանց մարզիչներին ու աջակցող մյուս մասնագետներին:

Անդրադառնալով սպորտի ոլորտում կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դրանք ներկայացված են սպորտի ռազմավարությունում, որն առաջիկայում կքննարկվի և կհաստատվի: Նախատեսվում է մարզադպրոցներում կառավարման նոր մոտեցում ներդնել:

2024 թվականին նախատեսվում է ունենալ 4 նոր երիտասարդական կենտրոն

Խոսելով երիտասարդության ոլորտի համար նախատեսվող փոփոխությունների մասին՝ նախարարը հայտնել է, որ 2023 թվականին սկսվել է «Երիտասարդության մասին» օրենքի նախագծի մշակումը, որը նախատեսվում է ընդունել 2024 թվականին:

Այս տարի՝ մինչև տարեվերջ, երիտասարդական կենտրոններ կհիմնվեն Ապարանում և Դիլիջանում: Իջևանում և Մեղրիում արդեն բացվել են կենտրոնները: Նախատեսվում է 2024 թվականին ունենալ 4 նոր երիտասարդական կենտրոն:

Թվայնացումը ԿԳՄՍ նախարարության կայուն օրակարգն է, բազմաթիվ աշխատանքներ արդեն արված են: Ամբողջությամբ թվայնացված են ատեստատներն ու ավարտական վկայականները, քայլեր են արվելու դիպլոմների թվայնացման ուղղությամբ: Կառավարման էլեկտրոնային համակարգերի բարելավումն անընդհատ իրականացվում է, ընթացքի մեջ են մշակույթի և սպորտի ոլորտներում դրանց ներդրումները:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար իրականացվող անհրաժեշտ ծրագրերին ու միջոցառումներին՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ 2024 թվականի բյուջեի տրամաբանությամբ ևս հաշվարկներ կան. դրանք քննարկվել են Ֆինանսների նախարարության հետ և հաջորդ տարվա բյուջետային գործընթացի շրջանակում իրականացվելու են՝ ըստ անհրաժեշտության:

Զեկույցից հետո ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին, տվել հանգամանալից պարզաբանումներ: