«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի մեթոդիստ-մանկավարժները, ինչպես նաև բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առաջատար հրավիրյալ մասնագետները 2023-2024 ուսումնական տարվա սեպտեմբերից «Երաժշտական և արվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքներ» ծրագրի շրջանակում այցելել են ՀՀ մարզեր։

Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին հիմնադրամի մեթոդիստ-մանկավարժները և հրավիրյալ մասնագետներն այցելել են ՀՀ Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզեր։ Այդ գործունեության արդյունքում ուսումնամեթոդական ու գործնական օգնություն են ստացել 72 մանկավարժ և 796 աշակերտ։

Հոկտեմբերի 19-21-ը Սյունիքի մարզում են գտնվել հիմնադրամի 5 մեթոդիստ-մանկավարժներ Նոռա Այվազյանը (ջութակ), Մարինե Ասատրյանը (քանոն), Արգենտինա Պողոսյանը (խմբավար), Տատյանա Ռուխկյանը (պար), Դավիթ Դավթյանը (գեղարվեստ) և 2 հրավիրյալ մասնագետներ՝ Տիգրան Բերկելյանը (Պ. Չայկովսկու անվան ՄԵՄԴ դասատու, դաշնամուր) և Քրիստինե Սահակյանը (Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, մեներգեցողություն)։ Սյունիքի մարզ է այցելել նաև «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը՝ որպես ծրագրի համակարգող։

Հիմնադրամի աշխատակիցները ծանոթացել են գյուղական դպրոցների շենքային պայմաններին, մանկավարժների ամենօրյա գործունեությանը, մշակութային կյանքը համայնքներում ակտիվացնելուն ուղղված աշխատանքներին և ծրագրերին, իրականացվող միջոցառումներին։ Լսումների միջոցով նրանք ևս մեկ անգամ անդրադարձել են այս տարվա հանրապետական մրցույթներին մասնակցող անհատ կատարողների և համույթների կատարվելիք ծրագրի ճշգրիտ ընտրությանը։

Նոյեմբեր-դեկտեմբերին նախատեսվում են մեթոդիստ-մանկավարժների և հրավիրյալ մասնագետների այցելություններ ևս 5 մարզեր։