ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ և Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մասնակցել «Միջմշակութային երկխոսության շաբաթ» խորագրով ծրագրի ամփոփիչ միջոցառմանը։
Մեկ շաբաթ տևած ծրագիրը հագեցած է եղել կրթամշակութային բազմաբովանդակ միջոցառումներով՝ սեմինարներով, մասնագիտական վարպետաց դասերով, հոգևոր-մշակութային փառատոնով, վարպետ-արվեստագետների հետ հանդիպումներով, մշակութային քաղաք Գյումրիի պատմաճարտարապետական վայրեր այցելություններով և այլն։
Ծրագիրն իր շուրջն է համախմբել «Ընտանիք» կենտրոնի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ինչպես նաև Ջավախք աշխարհի կրթամշակութային հաստատությունների ավելի քան 110 մանկավարժների և պատանիների։
Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շեշտել է նմանօրինակ նախաձեռնությունների կարևորությունն ու սաներին նորանոր նվաճումներ մաղթել: Կենտրոնի մանրանկարչության խմբակի սան Հայկ Սարգսյանը Ճապոնիայի Կանագավա քաղաքում անցկացված «Եկեք նկարենք այն, ինչ ցանկանում ենք» խորագրով մրցույթին նվաճել է Գրան Պրի մրցանակը։ Նախարարի տեղակալն անձամբ է Հայկ Սարգսյանին հանձնել իր մրցանակը:
Միջոցառման շրջանակում «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը ծրագրերի մասնակից մանկավարաժներին հանձնել է շնորհակալագրեր, իսկ սաներին՝ պատվոգրեր:
«Միջմշակութային երկխոսության շաբաթ» խորագրով ծրագրի նպատակն է նպաստել միջմարզային համագործակցության զարգացմանը, ամրապնդել Հայաստանում ապաստանած արցախցի ու ջավախքցի հայրենակիցների միջև բարեկամական կապերը, նրանց ներառել կրթամշակութային ծրագրերում՝ նպաստելով երիտասարդների նպատակային զբաղվածությանը, ծանոթացնելով ազգային արհեստներին և արվեստին, հայաստանյան հարուստ պատմամշակութային ժառանգությանը։ Ամփոփիչ միջոցառմանը գեղարվեստական համատեղ ելույթներով հանդես են եկել ինչպես կենտրոնի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի և Ջավախքի պատանիները։ Նրանք հանդես են եկել հայրենասիրական, միասնական շուրջպարով, ազգային երգով ու ասմունքներով։
Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև ծանոթացել է կենտրոնի գործունեությանը՝ շրջելով վերջինիս արհեստի և արվեստի ճյուղերի խմբասենյակներով:
Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում Արաքսիա Սվաջյանն այցելել է նաև ուսումնական մի քանի այլ հաստատություններ: