ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպան Անդրիուս Պուլոկասի գլխավորած պատվիրակությանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել հայ-լիտվական հարաբերությունների զարգացումը, մասնավորապես մշակույթի ոլորտում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, թանգարանային ոլորտի վերապատրաստումների անցկացման հնարավորությունները:

Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ նշելով, որ թանգարանային ոլորտի զարգացումը Կառավարության ծրագրում գերակա շեշտվածություն ունի և մասնագիտական կարողությունների զարգացումը կնպաստի մեր մշակութային ժառանգության պահպանմանն ու նոր հմտությունների տեղայնացմանը:

«Մենք շատ կարևորում ենք եվրոպական փորձի ներդրումն ու փոխանակումը, նոր մոտեցումների յուրացումը»,- ասել է նախարարի տեղակալը: Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է նաև, որ ՀՀ կառավարության համար առանցքային է մշակույթի ոլորտում զարգացնել ստեղծագործական արդյունաբերությունը՝ որպես տնտեսության բաղադրիչ:

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները նաև կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը գործընկերների ուշադրությունը հրավիրել է 2020 և 2023 թվականների Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած հայկական պատմության և մշակույթի շուրջ 5000 անշարժ հուշարձանների մոնիտորինգի, հետագա պահպանության հարցերին: Փոխնախարարի խոսքով՝ դրանք նաև համաշխարհային մշակութային ժառանգության եզակի արժեքներ են: