ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 18-22-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին, որտեղ հիմնականում ներկայացվել է վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված օտարալեզու հայ գրականությունը:

Ֆրանկֆուրտի հայկական տաղավարում մասնավորապես ներկայացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը: Այն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն (մանրամասները՝ armlit.am կայքում): Ծրագրի նպատակը հայ գրականությունը Հայաստանի սահմաններից դուրս հայտնի դարձնելն է: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային գրադարանի հետ գործակցությամբ:

Հայկական պատվիրակության կազմում էին Հայաստանի ազգային գրադարանի, «Արի», «Առաջին» գրական գործակալությունների, «Արի» գրականության հիմնադրամի, «Անտարես», «Էջ», «Էդիթ պրինտ», «Վերնատուն», «Նյումեգ», «Զանգակ», «GSM ստուդիո», «ԵՊՀ» հրատարակչությունների, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ներկայացուցիչները:

Հայաստանի տաղավարն այս տարի նվիրված էր Հայ կինոյի 100-ամյակին՝ ունենալով թեմատիկ ձևավորում:

Հայկական պատվիրակության ծրագրերը ներկայացվել են նաև քննարկումների և միջոցառումների անցկացման համար նախատեսված տարբեր տաղավարներում։

Հոկտեմբերի 20-ին միջոցառումների համար նախատեսված հատուկ սրահում տեղի է ունեցել «Գրականություն և ինքնություն» խորագրով քննարկում, որը նախաձեռնել էր Konrad Adenauer հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Բանախոսներն էին գրողներ Արմեն Հայաստանցին, Անահիտ Ղազարյանը, գերմանացի գրող, լրագրող Լաուրա Ցվերտնիան, թարգմանիչ Սուսաննա Եղոյանը:

Հոկտեմբերի 21-ին միջոցառումների համար նախատեսված մեկ այլ տաղավարում տեղի է ունեցել Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ» գրքի գերմաներեն թարգմանության շնորհանդեսը։ Վեպի իրադարձությունները տեղի են ունենում հայկական լեռներում 1915-1960 թվականներին։ Ծերունին և նոր ծնված տղան փախչում են 1894 թվականին Թուրքիայում համիդյան ջարդերից և թաքնվում քանդված ու լքված գյուղի ավերակներում: Գյուղը շուտով ապաստան է դառնում շատերի համար, որոնք փախչում են օրենքի, իրենց ընտանիքի կամ անցյալի խնդիրներից: Գյուղացիները, ողջ աշխարհից կտրված այս ապաստանում թաքնված, գոյատևում են՝ վաճառելով կամ փոխանակելով իրենց գյուղմթերքը այլ գյուղերում: Անցնում են տարիներ, և ծերունու փրկած երեխան դառնում է ընթերցողին քաջ հայտնի երիտասարդը՝ Հարութը։ Նա սիրահարվում է մի գեղեցիկ աղջկա, որը գյուղ է ժամանել թուրք զինվորների կողմից խոշտանգումների ենթարկվելուց հետո։ Նա հղի է, և գյուղի ծեր կանայք ցանկանում են ծնվելուն պես սպանել երկվորյակ աղջիկներին՝ ամոթի հետքերը մաքրելու համար:

Հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել նաև Հովիկ Աֆյանի «Կարմիր» գրքի շնորհանդեսը (գերմաներեն լեզվով գիրքը լույս է տեսել «Կարմիրը պատերազմ է» վերնագրով): Գիրքը պատերազմական իրավիճակներում մարդկային կյանքի, վարք ու բարքի, անգամ գույների ընկալման մետամորֆոզների մասին է: Պատերազմները փոխում են ամեն ինչ: Նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ էլ խաղաղություն են որոնում՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից: Տարբեր ժամանակների, պատերազմների, երազանքների ու ցավերի մասին այս պատմությունը մարդկանց մասին է, որոնք սիրում կամ կռվում են ամեն մեկն իր ներսում, իր տանը, իր քաղաքում, իր երկրի սահմանին: Եվ այդ սերն ու կռիվը երբեք չեն ավարտվում։

Միջոցատռումներին ներկա էին ոչ միայն հայ, այլև հիմնականում օտարազգի ընթերցողներ, թարգմանիչներ, հրատարակիչներ։

Հայ գրողների բարձրացրած խնդիրները նաև համամարդկային մտահոգությունների առիթ են։ Տեղի ունեցած մտքերի փոխանակումները, քննարկումները նպաստել են հայկական իրականության՝ Հայաստանի սահմաններից դուրս գեղարվեստական պատումների միջոցով հասանելի ու ընկալելի լինելուն, ինչպես նաև հայ գրականության հանդեպ հետաքրքրության մեծացմանը: