ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվել է ««Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը նախագծի վերաբերյալ իր դրական դիրքորոշումը հայտնել է առաջին ընթերցման ժամանակ: Առաջին ընթերցումից հետո ներկայացվել են խմբագրական բնույթի դիտարկումներ, որոնք ընդունվել են: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել կառուցողական համագործակցության համար, որի շնորհիվ երկրորդ ընթերցմամբ նախագիծն արդեն պարունակում է լրացուցիչ կարևոր դրույթներ:

«Նախագիծն ինքնին կարևոր է ներառական կրթությանը նպաստելու, արժեքային շեշտադրումներ և նոր գործիքակազմ ներդնելու առումով: Երկրորդ ընթերցումից առաջ հնարավորություն ենք ունեցել նաև բացառիկ ընդունակություններ ունեցող օժտված անձանց սահմանումը տալու, ինչը կարևոր է նրանց կարողությունների զարգացման համար: Կառավարության նախաձեռնություններից մեկը վերաբերում է տաղանդների զարգացման հիմնադրամի ստեղծմանը, որի հիմնական շահառուները լինելու են հենց այս անձինք ու նրանց համար նախատեսված պետական հատուկ քաղաքականություն և գործիքակազմ պետք է լինի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախագծի հեղինակ, պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկել է լիազոր նորմեր սահմանել՝ ուսումնական հաստատությունների ցանկերի հաստատման ու տնօրենների ատեստավորման վերաբերյալ: Պատգամավորը, մասնավորապես առաջարկում է՝ հաջող արդյունքի դեպքում նաև հավելավճարի մեխանիզմ կիրառել:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է տնօրենների ատեստավորման գործընթացի արդյունքում հավելավճարի տրամադրման հնարավորության ամրագրումը, որը թույլ կտա այս ոլորտում նույնպես մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգ ներդնել:

«Բոլոր առումներով կարևոր նախագիծ է, և Կառավարության դիրքորոշումը միանշանակ դրական է»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

Նշենք նաև, որ նախագծով առաջարկվում է նաև վերանայել մանկավարժների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները, մասնավորապես՝ մանկավարժական աշխատողների պարտականություններում ամրագրել կրթական գործընթացում բոլոր սովորողների ակտիվ մասնակցության խթանումը, այդ թվում՝ արտադասարանական և արտադպրոցական միջոցառումների մասնակցության առումով, ինչպես նաև խտրականությունից զերծ միջավայրի ապահովումը:

Նախագծով առաջարկվում է նաև սահմանել դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողների փոխօգնության խումբ ստեղծելու իրավունքը, ինչպես նաև սովորողի ծնողի պարտավորություններում ամրագրել երեխայի անհատական ուսուցման պլանի իրականցմանը մասնակցելու, դասապատրաստմանն աջակցելու, մարդու և պետության նկատմամբ հարգալից վերաբերմունք դաստիարակելու նորմերը: