Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում տեղի են ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը և «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական նախագծի եզրափակիչ փուլը։

Նիստի օրակարգում քննարկվել են հարցեր միջազգային երիտասարդական քաղաքականության, ԱՊՀ երկրներում 2024 թ. կամավորական շարժման նախապատրաստական աշխատանքների, դրա վերաբերյալ կանոնադրության նախագծի, 2024 թ. համաշխարհային երիտասարդական փառատոնի, 2023 թ. անցկացված կիբերսպորտի երիտասարդական խաղերի արդյունքների և այլ թեմաների վերաբերյալ: Մասնավորապես նախանշվել է ԱՊՀ երկրներում կամավորական աշխատանքների շրջանակում միջոցառումների կազմակերպման, միջազգային համագործակցության, կամավորության մշակույթի զարգացման անհրաժեշտությունը: Օրակարգում քննարկվել են նաև «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական նախագծի 2022-2023 թթ. արդյունքների և նոր փուլի նախապատրաստական աշխատանքները:

2023 թ. «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական ծրագրին մասնակցել են ԱՊՀ մասնակից պետությունների 14-ից 35 տարեկան երիտասարդներ, որոնք ներկայացրել են հեղինակային գաղափարներ՝ շուրջ 12 անվանակարգերում, այդ թվում՝ կրթություն, առողջապահություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն։ Հայաստանից այս տարի ծագրին մասնակցել են 2021 և 2022 թվականներին «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթում առավելագույն միավորներ ստացած 4 գաղափարներ։ «Արդյունավետ բնօգտագործում» անվանակարգում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հ. Պետրոսյանի անվան Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն-մասնաճյուղի երիտասարդ գիտաշխատողների թիմի (Տաթև Ջհանգիրյան, Արևիկ Էյոյան, Սևակ Դավեյան, ծրագրի ղեկավար՝ Գայանե Գասպարյան) «Գիպսակիր հողերի բարելավման արդյունավետ մեթոդ» գաղափարը ճանաչվել է հաղթող:

Ծրագրի հիմնական նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդների նորարար գործունեության ակտիվացումը, նրանց ներգրավումը սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։

ՀՀ պատվիրակության կազմը ղեկավարել է ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը:

Ծրագրի փորձագիտական խորհրդի տեղեկատվական տեխնոլոգիաների անվանակարգի հայտերը գնահատող հանձնաժողովի անդամ է եղել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գիտատեխնիկական վարչության պետի տեղակալ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անդրանիկ Սարգսյանը:

ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստի և «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական նախագծի եզրափակիչ փուլի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից հղումներից՝ https://cis.minsk.by/news/26287, https://cis.minsk.by/news/26289։