ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկա են եղել Երվանդ Քոչարի թանգարանում «Արվեստն ապագայի քաղաքում» նախագծի շնորհանդեսին։ Միջոցառումը կազմակերպվել էր Երվանդ Քոչարի 125-ամյակին ընդառաջ:
Նախագիծը ձեռնարկել է Քոչարի թանգարանը՝ City of the Future Yerevan Street Art Fest–ի հիմնադիր Դավիթ Խաչատրյանի հետ համագործակցությամբ։ Նախատեսվում է Երևանի Պուշկինի 62 հասցեում գտնվող բարձրահարկ շենքի կողային ճակատին վերարտադրել Երվանդ Քոչարի «Ընդվզում» (1933թ.) ստեղծագործությունը:
Նկարազարդումն իրականացնելու է միջազգային ճանաչում ունեցող իտալացի նկարիչ Անտոնինո Պերոտտան:
«Երվանդ Քոչարը մեր արվեստի պատմության մեջ հիմնաքարային դեր ունի։ Նրա 125-ամյակը հրաշալի առիթ է, որպեսզի կարողանանք նորովի բացահայտել նրան։ Թանգարանի նախաձեռնությամբ կիրառվել են այնպիսի միջոցներ, որ արվեստը տեսանելի լինի առանց թանգարան այցելելու։ Սա թույլ է տալիս մի կողմից արժևորել մեր մեծերին, մյուս կողմից՝ քաղաքային միջավայրը դարձնել առավել մշակութային և նոր շունչ հաղորդել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհավորելով հաջող նախաձեռնության կապակցությամբ։ Նախարարի գնահատմամբ՝ նախագծի միջոցով բարձրանում է նաև թանգարանի մասին իրազեկվածությունը, որը քաղաքի ամենաբանուկ հատվածում է գտնվում։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ ծրագիրն այլընտրանքային տարբերակ է՝ հանրահռչակելու մեր մշակութային ժառանգությունը, և օրինակը պետք է վարակիչ լինի։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ։