Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բակում բուհի՝ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաքարի մոտ, այսօր երդվել են ՀՊՄՀ առաջին կուրսեցիները:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովիվ Տեր Առնակ քահանա Հարությունյանը, ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ որակյալ և բարձր արդյունավետությամբ աշխատող ուսուցիչների պահանջարկը մեծ է, իսկ երկրի զարգացման միակ ճանապարհը ուժեղ և մրցունակ կրթական համակարգ ունենալն է:

«Վստահ եմ՝ մեր ուսանողներն իրենց ուսումնառության տարիներին ջանասիրաբար յուրացնելու են իրենց տրված գիտելիքը, կարողությունները և համալրելու են մեր ուսուցիչների շարքերը, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում երկրի համար ամենակարևոր աշխատանքը կատարելու համար: Խնդրում եմ, որ շատ ուշադրությամբ ու խնամքով վերաբերվենք այն տարիներին, որոնց ընթացքում ուսումնասիրելու եք ձեր ընտրած մասնագիտությունը: Լրջորեն վերաբերվեք այն պատասխանատվությանը, որը տրվելու է ձեզ որակավորում ստանալու արդյունքում: Մեր երկիրն այսօր կրթության ոլորտի լուրջ բարեփոխումների շրջափուլում է, և դուք ընդամենը 4 տարի անց մտնելու եք դպրոց՝ լուծելով նաև այն խնդիրները, որոնց առջև այսօր կանգնած է մեր կրթական համակարգը»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ վստահություն հայտնելով, որ այսօրվա ուսանողները հետագայում լրացնելու են կրթական համակարգում արդյունավետորեն աշխատող ուսուցիչների շարքերը:

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորել է ուսանողներին իրենց մասնագիտական երազանքի իրականացման և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանակին զինվորագրվելու առթիվ։

«Օրը շատ կարևոր է, վայրը՝ խորհրդանշական: Մեկդարյա պատմություն ունեցող, ձեռքբերումները սերնդեսերունդ փոխանցող համալսարանի ավանդական երդման արարողությունը 2020 թվականից կազմակերպվում է մի վայրում, որտեղ նաև լռելյայն գտնվում են այն ուսանողները, որոնք չեն հասցրել սովորել և ուսուցիչ դառնալ։ Նրանց լռությանը մենք պարտք ենք միասին։ Այստեղ ձեր երազանքներին գումարվում են մեր տղաների սպասումները»,- նշել է ՀՊՄՀ ռեկտորը։

Տեր Առնակ Հարությունյանը աղոթքով է սկսել իր օրհնության խոսքը և ուսանողներին հորդորել է իրենց ամբողջ մտածումը, միտքը և հոգին դնել սերունդների դաստիարակության և կրթության գործում. «Յուրաքանչյուր ազգի հիմքը կրթությունն է, անկրթությունն է ազգին կործանում։ Այսօր դուք լծված եք այդ աստվածահաճո առաքելությանը»։

Առաջին կուրսեցիներին ողջունել ու հաջող ուսումնառություն են մաղթել նաև Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը և Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը:

Այնուհետև, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Մոնիկա Մելքոնյանն ընթերցել է առաջին կուրսեցու երդման տեքստը, որից հետո բոլոր առաջին կուրսեցիները կրկնել են՝ «Երդվում ենք»։ Համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի երգչախմբի կատարմամբ հնչել է ուսանողների միջազգային հիմնը։

Միջոցառման ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը բուհի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի հետ խնկարկել է Արցախյան պատերազմների ընթացքում նահատակված աբովյանականներին նվիրված հուշակոթող-խաչքարի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը: