«Դիջիթեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ ուղղված «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աջակցմանը։

Հուշագիրն ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանը:

Հուշագրի առանցքային նպատակն է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գոյություն ունեցող ենթակառուցվածքների օգտագործումն ու դրա սերտ փոխկապակցումը դպրոցական ընդհանուր ծրագրին, «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» և ԳՏՃՄ այլ առարկայական նոր չափորոշիչի արդյունավետ ներդրման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության հանրակրթության համակարգում իրականացվող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ոչ ֆորմալ կրթական ծրագրի ընդլայնումը:

«Հանրակրթական դպրոցներում ունենք ավելի քան 600 «Արմաթ» լաբորատորիաներ: Հաշվի առնելով թե՛ ժամանակաշրջանը, թե՛ Կրթության ռազմավարության կարևոր ուղղություններից մեկը՝ ուղղված բնագիտական առարկաների ուսուցման զարգացմանը, այս հուշագիրը հնարավորություն կտա է՛լ ավելի լայնածավալ աշխատանքներ իրականացնելու, և ավելի շատ երեխաների հնարավորություն կտրվի ներգրավվելու «Արմաթ» լաբորատորիաների խմբակներում: Վստահ ենք, որ արտադպորցական կրթության շրջանակում ստացած գիտելիքը նպաստելու է ֆորմալ կրթության մակարդակի բարձրացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի գնահատմամբ՝ հուշագիրը նախատեսում է ԿԳՄՍ նախարարության հետ ավելի սերտ համագործակցության նոր փուլ: ««Արմաթի» խմբավարները կվերապատրաստվեն, որպեսզի լրացնենք «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաների ուսուցիչների բացը՝ առավել խորացնելու «Արմաթ»-դպրոց համակգործակցային կապը»,- ասել է Սարգիս Կարապետյանը:

Կողմերը նշել են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված խմբակավարներին հնարավորություն է տրվել աշխատելու այն դպրոցներում, որտեղ կադրային պակաս կա, իսկ երեխաները ցանկության դեպքում կարող են ներգրավվել խմբակներում: