ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրը շարունակում է ընթացքը:

Հոկտեմբերի 3-ին մեկնարկած ծրագրի աշնանային շրջափուլի շրջանակում կայացել են Երևանի և ՀՀ Արմավիրի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սովորողների և դասատուների հանդիպումները:

Մշակութային հագեցած ծրագրով երևանյան երաժշտական դպրոցների սաները, հյուրընկալվելով մարզերում, հանդես են եկել համերգներով, դասատուների մասնակցությամբ կայացել են վարպետության դասընթացներ, երևանցի դպրոցականներն այցելել են Հայաստանի մարզերի տեսարժան և պատմամշակութային վայրեր:

Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 15-ին հերթական ուղևորությունը դեպի Գյումրի կկատարեն Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի սաներն ու դասատուները, որոնք կհյուրընկալվեն Գյումրու Ա. Բրուտյանի անվան երաժշտական դպրոցում: Ավելի քան 3 տասնյակ սովորողներից ու դասատուներից բաղկացած ներկայացուցչական կազմով ջրբաշյանցիները ելույթ կունենան նոր հիմնանորոգված Գյումրու կամերային երաժշտության դահլիճում, կայցելեն Գյումրու տեսարժան վայրեր, դասատուները կլսեն պատանի երաժիշտներին և կանցկացնեն վարպետաց դասեր:

Նշենք, որ Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2019 թվականին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ կազմակերպված ծրագիրը կարևոր դերակատարություն է ստանձնել մշակութային կրթության ասպարեզում:

Ծրագրի շնորհիվ Երևանի և Հայաստանի մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սովորողները հնարավորություն են ստանում մեկտեղելու իրենց կարողությունները, հանդես գալու համատեղ ստեղծագործական ծրագրերով, իսկ մանկավարժների և ոլորտի պատասխանատուների համար ծրագիրը դարձել է փորձի փոխանակման, խորհրդատվության, կարևոր հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպելու և առաջարկություններ ներկայացնելու մշտառկա ու գործող հարթակ:

Ծրագիրն ընդգրկվել է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ցանկում՝ որպես մշակութային կրթության ոլորտի նպատակային ծրագիր, որի շնորհիվ ծրագրին արդեն մասնակցում են հանրապետության շուրջ 60 երաժշտական և արվեստի դպրոցներ, իսկ շահառուների թիվը կազմել է ավելի քան 3000 սովորող և մանկավարժ: