ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության համագործակցության և մշակութային հարցերով խորհրդական Գիյոմ Նարջոլեի և կրթական համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով հայ-ֆրանսիական համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական քաղաքականության իրականացման բնագավառներում՝ շեշտադրելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության դերակատարությունը նշյալ բնագավառներում ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու համար:
Հանդիպմանը ֆրանսիական կողմը ներկայացրել է Հայաստանում Ֆրանսիական վերածննդի նախագիծը (FSPI), որը նախատեսվում է մեկնարկել 2024-2025 թվականների ընթացքում: Ծրագրի առանցքում ՀՀ քոլեջներում և դպրոցներում ֆրանսերենի դասավանդման և ուսուցման որակի բարելավումն է: Կողմերը քննարկել են ծրագրի իրականացման ձևաչափն ու համագործակցության հնարավորությունները նշյալ գործընթացում:
«Մենք արդեն իսկ ունենք այս ուղղությամբ հաջող համագործակցության փորձ: Խոսքս վերաբերում է Հայաստանի դպրոցներում ֆրանսերեն դասավանդող ուսուցչի օգնականներ ունենալու և Գյումրու դպրոցներից մեկը ֆրանսերենի տարածաշրջանային ռեսուրս-դպրոց դարձնելու ուղղությամբ իրականացված աշխատանքներին»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Քննարկվել են ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների վերապատրաստման, մեթոդական աջակցության, գործընթացում առավել շատ ուսումնական հաստատություններ և սովորողներ ներգրավելու անհրաժեշտության վերաբերյալ մի շարք հարցեր: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցության և մշակութային հարցերով խորհրդականը կարևորել է ԿԳՄՍ անմիջական ներգրավվածությունն ու աջակցությունը նշյալ գործընթացներն իրականացնելու գործում: Ֆրանսիական կողմը փաստել է, որ ֆրանսերենի դասավանդման վերապատրաստմանը մասնակցող ուսուցիչները կստանան վկայականներ:
Քննարկման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկա հանդիպումներում ներկայացնել գործնական քայլերին ուղղված աշխատանքները: