Հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաղթող է ճանաչվել շախմատի Երևան Օփեն միջազգային 5-րդ մրցաշարում՝ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր։

Հաղթողը որոշվել է միայն վերջին տուրում․ Կարեն Գրիգորյանը վերջին տուրում առավելության է հասել Հնդկաստանի ներկայացուցիչ Պրանեշի նկատմամբ և դարձել հաղթող՝ առաջնության ընթացքում չկրելով ոչ մի պարտություն։ Հայ գրոսմայստերը մրցաշարի արդյունքներով բարձրացրել է վարկանիշն ու դարձել Հայաստանի հավաքականի անդամ։

7-ական միավորով երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են հնդիկ գրոսմայստերներ Ադհիբանը ու Աբհիմանյու Պուրանիկը:

Հատկանշական է, որ 2023 թվականին Երևան Օփեն միջազգային 5-րդ մրցաշարի շրջանակում մի շարք միջազգային կոչումներ են լրացվել։ Մասնավորապես, միջազգային վարպետի նորմա են լրացրել Բենիկ Ագասարովը, Գևորգ Ալավերդյանն ու Լև Զվերևը։ Կանանց միջազգային վարպետի նորմա է լրացրել Պոլինա Կոբակը, իսկ որակավորման 1-ին կարգ են լրացրել Հայկ Թադևոսյանը և Հայկ Ասատրյանը։

Հիշեցնենք՝ Երևանի շախմատի 5-րդ բաց առաջնության բացման արարողությանը մասնակցել էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ֆեդերացիայի նախագահության անդամները:

Մրցաշարին այս տարի մասնակցել է ավելի քան 290 շախմատիստ, որոնցից 71-ը՝ միջազգային կոչում ունեցող, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր՝ 13 երկրից: