«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում 2023 թ. մայիսի 29-ի ՀՕ-155-Ն օրենքով կատարված փոփոխությամբ ամրագրվել է դրույթ, համաձայն որի` գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճար է տրամադրվում գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին:

Օրենքի դրույթն ապահովելու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն մշակել և հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից գիտական աստիճանի համար հավելավճար հատկացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին` պահպանելով այս պահին գործող ՀՀ կառավարության 2008 թ. հունվարի 10-ի N 2-Ն որոշմամբ սահմանված գիտական աստիճանի համար տրամադրվող հավելավճարների չափը (գիտությունների դոկտորին՝ 50 000 դրամ, գիտությունների թեկնածուին՝ 25 000 դրամ): Նախագծի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 2008 թ. հունվարի 10-ի N 2-Ն որոշումը:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կփոխի գիտական ներուժի կադրային կառուցվածքը և կնպաստի գիտության ոլորտում կադրերի ամրապնդմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրությանը: Այն նաև լրացուցիչ խթան կհանդիսանա գիտական աշխատանքը՝ որպես հիմնական աշխատանք ընտրելու գործում և կբարձրացնի ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը։

Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2023 թ. հոկտեմբերի 24-ը ներառյալ` կոմիտեի կայքում՝ կամ ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ https://www.e-draft.am/projects/6333, կամ ուղարկել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ info@hesc.am):