Նկարագրություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2023-2024 ուսումնական տարում համատեղ հայտարարում են կարճամետրաժ ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100 և Արամ Խաչատրյանի 120-ամյակներին:

Մրցույթն անցկացվում է ՀՀ և արտերկրի հայկական և հայկական բաղադրիչով կրթօջախների շրջանում (այսուհետ՝ կրթօջախներ):

Մրցույթի նպատակն է նպաստել աշակերտների՝ Արամ Խաչատրյանի և Սերգեյ Փարաջանովի մասին գիտելիքների ընդլայնմանը, սփյուռքում ազգային կրթության շուրջ համախմբմանը, ստեղծագործական ոգու զարգացմանը:

Մասնակից կրթօջախներից ակնկալվում է

  1. ձևավորել ուսուցիչ(ներ)ի ղեկավարությամբ ստեղծագործական աշակերտական խմբեր: Խմբերը կարող են ունենալ խառը տարիքային կազմ և ընդգրկել տարբեր դասարանների աշակերտներին՝ սկսած կրտսեր դպրոցական տարիքից, կամ համալրված լինեն նույն տարիքի/դասարանի աշակերտներով: Վերջինի դեպքում ստեղծագործական խմբում ընդգրկվում են 12 տարեկան և բարձր տարիք ունեցող աշակերտները:
  2. Իրականացնել Ա. Խաչատրյանին կամ/և Ս. Փարաջանովին նվիրված համապատասխան նախնական հետազոտական, ուսումնական, ստեղծագործական և այլ բնույթի աշխատանք երեխաների հետ (օրինակ՝ ուսումնասիրել կենսագրությունը, ճանաչել և մեկնաբանել ստեղծագործությոնները և այլն), գրել ֆիլմի սցենար և նկարահանել այն: Կախված կատարած հետազոտական աշխատանքից՝ ֆիլմը կարող է լինել ցանկացած անվանակարգի (վավերագրական, խաղարկային և անիմացիոն):
  3. Ստեղծել հանձնաժողովներ, որոնք կգնահատեն և նախնական ընտրություն կկատարեն, եթե դպրոցում ձևավորվեն մեկից ավելի ստեղծագործական խմբեր, քանի որ յուրաքանչյուր դիմած կրթօջախից ընդունվելու է միայն մեկ ֆիլմ:
  4. Ֆիլմի լեզուն պետք է լինի հայերենը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մրցույթին ներկայացվող ֆիլմը պետք է նկարահանված լինի հատուկ այս մրցույթի համար, որպես ստեղծագործական խմբի մասնակից՝ նշված աշակերտների տարիքը և դասարանները պետք է համապատասխանեն ընթացիկ ուսումնական տարում իրենց տարիքին և դասարաններին: Էլեկտրոնային հարթակներում ֆիլմի հրապարակման ժամկետների հետ կապված սահմանափակումներ չկան, եթե առկա է նկարահանման նպատակի մասին նշումը:

Պարգևները

Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն դիպլոմներով և նվերներով: Բոլոր մասնակից կրթօջախները կստանան մասնակցության վկայականներ:

Մրցույթի անցկացման կարգը և ֆիլմերի ներկայացման պահանջները

Մրցույթն անցկացվում է մեկ փուլով:

Մասնակից կրթօջախները մինչև հունվարի 15-ը ներբեռնում են իրենց ֆիլմը որևէ նիշքափոխանցող համակարգ (Google Disk և այլն) կամ էլեկտրոնային հարթակ և հղումն ուղարկում են vardanabovyan@yahoo.com էլեկտրոնային հասցեով: Էլեկտրոնային նամակը պետք է ուղարկված լինի կրթօջախի պաշտոնական կամ ղեկավար մանկավարժի էլեկտրոնային հասցեից:

Նամակի վերնագրում պետք է կատարված լինի «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ» գրառումը, իսկ նամակի բովանդակության մեջ՝ կրթօջախի ամբողջական անվանումը, ղեկավար մանկավարժի անունը, ազգանունը ու հեռախոսահամարը, ինչպես նաև ներկայացվող ֆիլմի վերնագիրը:

Ֆիլմը կարող է նկարահանվել ցանկացած տեխնիկական սարքով, ունենա 3-10 րոպե տևողություն:

Ֆիլմի տեղեկատվական մասում (titles) պետք է նշված լինեն.

  1. Ֆիլմի անվանումը,
  2. ֆիլմի տևողությունը,
  3. ֆիլմի անվանակարգը,
  4. կրթօջախի երկիրը, քաղաքը, անվանումը,
  5. ղեկավար մանկավարժի անունը, ազգանունը,
  6. ստեղծագործական խմբի (աշակերտների) տվյալները` անունները, ազգանունները, տարիքը/դասարանը:

Ժամկետները

N

Գործողություն/աշխատանք

Ժամկետ

1

Ֆիլմերի ներկայացման վերջնաժամկետ

15 հունվար, 2024

2

Գնահատում և հաղթողների հայտարարում

4 մարտ, 2024

3

Պարգևատրում

Մարտ-ապրիլ, 2024

Հավելյալ հարցերով կարող եք դիմել՝

Հայաստանի ազգային կինոկենտրոն

հեռ.՝ +374 10 52-20-32

Էլ.փոստ. vardanabovyan@yahoo.com

Կայքէջ. ncca.am

Facebook: «NationalCinemaCenterofArmenia»

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

հեռ.՝ +374 10 599-647

Էլ.փոստ. tamara.zalinyan@escs.am

Կայքէջ. www.escs.am

Facebook: «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն»