Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 90-ամյակի շրջանակում հոկտեմբերի 4-6-ը կանցկացվի «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման եռօրյա դասընթացը:

Հոկտեմբերի 4-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկել է եռօրյա վերապատրաստման դասընթացը, որը վարում է Իրանի Մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս, ոլորտի հեղինակավոր և փորձառու մասնագետ Զոհրե Ղայենին: ՀՀ գրադարանավարների, մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչների համար իրականացվող և նախադեպը չունեցող վերապատրաստման այս դասընթացը միտված է ոլորտի մասնագետների նոր գիտելիքների, հմտությունների, կարողությունների զարգացմանն ու շարունակական կրթության ապահովմանը:

Հեղինակավոր փորձագետ Զոհրե Ղայենին դասընթացի շրջանակում կներկայացնի ժամանակակից գրական տարածքների, գրադարանային համակարգերի, ոլորտի մասնագետների, երեխաների հետ աշխատանքի և համագործակցության 21-րդ դարի արդի միտումները, մարտահրավերներն ու գործիքակազմը:

Մասնավորապես՝ կներկայացվեն կարևորագույն մի շարք թեմաներ՝ ո՞րն է մանկական գրադարանների գրադարանավարի դերը 21-րդ դարում, ինչպե՞ս գրադարանը վերածել գրական և գեղարվեստական հաստատության, ի՞նչ է Urie Bronfenbrenner համակարգը և որտե՞ղ են գտնվում գրադարաններն այս համակարգում, ե՞րն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրագիտության նորագույն սահմանումը, երո՞նք են «Կանաչ» մանկական գրադարանները, ի՞նչ է բիբլիոթերապիան և ինչպե՞ս գրադարանավարները կարող են օգնել երեխաներին հոգեբանական տրավմայի ժամանակ:

Դասընթացի մասնակիցները կծանոթանան IFLA մանկական գրադարանների ռազմավարական փաստաթղթին և դասընթացի ընթացքում կստեղծեն իրենց գրադարանի համար նման փաստաթուղթ:

Տեղեկացնենք, որ Զոհրե Ղայենին առաջադրվել է Աստրիդ Լինդգրենի անվան մրցանակի, եղել է մանկապատանեկան գրականության ոլորտում հեղինակավոր Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի ժյուրիի նախագահ:

Մանկապատանեկան գրականության ոլորտի անվանի մասնագետն իր հեղինակած «Կարդա ինձ հետ» ծրագրի համար արժանացել է «IBBY Asahi reading promotion award»-ին:

Նշենք, որ եռօրյա վերապատրաստման դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի միջազգային որակավորման վկայական:

«Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստաման դասընթացն իրականացվում է «IBBY Արմենիա» ՀԿ-ի (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ), Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Հայկական գրադարանային ասոցիացիայի համագործակցությամբ, IBBY International-ի ու IBBY Yamada հիմնադրամի աջակցությամբ:

Ծրագիրն անցկացվում է Գրադարանավարի օրվան ընդառաջ: