ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 3-ին մեկնարկում է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը:

Ծրագրի առաջին այցելությունը կիրականացնի Երևանի Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցը՝ հյուրընկալվելով ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Մ. Եկմալյանի անվան երաժշտական դպրոցում: Վաղարշապատում նախատեսված համերգից ու վարպետության դասերից հետո Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի սաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Զվարթնոց տաճարում կծանոթանան քաղաքի մշակութային կոթողներին:

Ծրագրի շրջանակում մինչև հոկտեմբերի 25-ը Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների սաներն ու դասատուները կայցելեն ՀՀ մարզեր, որտեղ երևանաբնակ սովորողները հանդես կգան ելույթներով, համերգային ծրագրերով, կայցելեն թանգարաններ, Երևանի տեսարժան և պատմամշակութային վայրեր: Մարզաբնակ սովորողների համար Երևանից ժամանած մանկավարժների մասնակցությամբ կկազմակերպվեն նաև վարպետության դասընթացներ:

Հիշեցնենք, որ Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2019 թվականին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող ծրագիրը կարևոր դերակատարություն է ստանձնել մշակութային կրթության ասպարեզում: Ծրագրի շնորհիվ Երևանի և Հայաստանի մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սովորողները հնարավորություն են ստանում մեկտեղելու իրենց կարողությունները, հանդես գալու համատեղ ստեղծագործական ծրագրերով, իսկ մանկավարժների և ոլորտի պատասխանատուների համար ծրագիրը դարձել է փորձի փոխանակման, խորհրդատվության, կարևոր հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպելու և առաջարկություններ ներկայացնելու մշտապես գործող հարթակ:

Նշենք, որ ծրագիրն ընդգրկվել է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ցանկում՝ որպես մշակութային կրթության ոլորտի նպատակային ծրագիր, որի շնորհիվ ծրագրին արդեն մասնակցում են հանրապետության շուրջ 60 երաժշտական և արվեստի դպրոցներ, իսկ շահառուների թիվը կազմել է ավելի քան 3000 սովորող և մանկավարժ:

Կից ներկայացվում է ծրագրի 2023 թվականի աշնանային շրջափուլի ժամանակացույցը: