Մշակութային գործիչները հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու նախաձեռնությամբ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության որոշ կազմակերպություններ հայտարարել են բարեգործական համերգների և ներկայացումների մասին։

Նախաձեռնության մեկնարկը կտրվի սեպտեմբերի 28-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Բարեգործական համերգի մենակատարն է անվանի հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, դիրիժորը՝ Ստանիսլավ Կոչանովսկին: Ծրագրում կհնչի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և հատվածներ «Սպարտակ» բալետից:

Համերգի տոմսերի վաճառքից գոյացած հասույթը կուղղվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցությանը:

Երևանի պետական տիկնիկային թատրոնում ներկայացումների մուտքն ազատ է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների համար։

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում հոկտեմբերի 2-ին «Գծավորը» (մանկական 3+) ներկայացման մուտքն ազատ է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթամշակութային ժամանցի կազմակերպման նպատակով հայտարարել է անվճար ծառայություններ՝ շրջայց գրադարանում, հեքիաթապատում, տիկնիկային ներկայացման դիտում: Երեխաների խմբերի հերթագրման և հարցերի դեպքում կարելի է զանգահարել 060-271-138 հեռախոսահամարով:

Մշակութային հաստատությունների կողմից իրականացվող նմանօրինակ նախաձեռնությունները կլինեն շարունակական։