ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այցով Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում էր։

Այցի ընթացքում նախարարի տեղակալը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանի, Աշտարակի համայնքապետի տեղակալ Շանթ Վահանյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացել է քաղաքի մշակութային հաստատությունների գործունեությանն ու ընթացիկ աշխատանքներին։

Առաջին կանգառը Աշտարակի Ա․ Այվազյանի անվան երաժշտական դպրոցն էր, որտեղ, բացի առօրյա պարապմունքներից, ընթանում էր մարզի երաժշտական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում՝ «Ներառականությունը մշակութային կրթության ասպարեզում» թեմայով։ Դանիել Դանիելյանը զրուցել է ուսուցիչների հետ՝ կարևորելով մշակութային կրթօջախներում ներառականության ապահովումը, առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու նրբությունների տիրապետումը։ Նախարարի տեղակալը լսել է ուսուցիչներին հուզող հարցերն ու ծանոթացել համայնքի մշակութային կրթօջախներում առկա խնդիրներին։

Հաջորդիվ Դանիել Դանիելյանն այցելել է Աշտարակի մշակույթի պալատ, որտեղ շրջայցի ընթացքում տնօրեն Մարիաննա Մկրտչյանը ներկայացրել է կենտրոնի առաջիկա ծրագրերն ու համայնքում մշակութային կյանքն ակտիվացնելուն ուղղված քայլերը։

Արագածոտնի մարզի մշակութային ոլորտին առնչվող մի շարք հարցեր քննարկվել են նաև Աշտարակի համայնքապետարանում՝ կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների մասնակցությամբ։

Այցի արդյունքներն ամփոփվել են Արագածոտնի մարզպետի աշխատակազմում, որտեղ քննարկվել են համագործակցության խորացման ուղիները։