Ծաղկաձորում տրվել է երիտասարդական ամենամյա ֆորումի մեկնարկը, որի բացմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
2023 թվականին երիտասարդական ֆորումը նվիրված է «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմանը։ Այն նպատակ ունի երիտասարդության հարցերով պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և ՀՈԱԿ-ների, միջազգային կազմակերպությունների և ՔՀԿ ներկայացուցիչների հետ տարբեր թեմատիկ աշխատարաններում քննարկելու և մասնակիցների կարծիքը լսելու երիտասարդության բնագավառում առկա խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ։
Ֆորումի բացմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանն ու ոլորտային այլ ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով ֆորումի մասնակիցներին, ընդգծել է՝ պետությունն այսօր աշխատում է հանրապետության բոլոր երիտասարդների համար համաչափ հնարավորությունների ստեղծման ուղղությամբ:
«Մենք ամեն ինչ անում ենք, որ երիտասարդների ձայնն ավելի լսելի լինի որոշումների կայացման գործընթացում: Աշխատում ենք այն ուղղությամբ, որ Հայաստանի բոլոր մարզերում ապրող երիտասարդներն ունենան այն նույն հնարավորությունները, ինչ իրենց հասակակիցները՝ մայրաքաղաքում: Ընդլայնվում է նաև միջազգային համագործակցությունը, մեծանում են հնարավորությունները երիտասարդների համար: Շատ են երիտասարդների կարողությունների զարգացման ծրագրերը, արտերկում վերապատրաստման հնարավորությունները և այլն»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Խոսելով երիտասարդական քաղաքականության մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն առանձնացրել է երիտասարդների մասնակցության խթանումը, կարողությունների զարգացումը, երիտասարդների համար ծառայությունների ընդլայնումը. «Այս ամենի համատեքստում կարևորում ենք նաև ոչ ֆորմալ կրթության շրջանակում երիտասարդների մեդիագրագիտության, ֆինանսական գրագիտության, ձեռներեցության զարգացումը, ակտիվ քաղաքացիական կեցվածք ունենալը»:
Ֆորումին շուրջ 100 երիտասարդներ են մասնակցել շահագրգիռ պետական գերատեսչություններից, ՀՀ մարզպետարաններից և համայնքապետարաններից, միջազգային կազմակերպություններից, երիտասարդության բնագավառում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կառույցներից:
Ֆորումի մասնակիցները իրազեկվել են ծրագրերի և երիտասարդական քաղաքականության մասին, այնուհետ ծավալվել են քննարկումներ:
Երկու օրերի ընթացքում երիտասարդները մասնակցել են օրենքի մշակմանն ընդառաջ թեմատիկ աշխատարանների, որոնց շրջանակում ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության գլխավոր մասնագետ Արմենուհի Պետրոսյանը ներկայացրել է երիտասարդության մասին օրենքի կարիքը, կարգավորման դաշտը, անելիքները, մշակման աշխատանքները: Թեմատիկ աշխատարան է անցկացվել նաև երիտասարդական ոլորտում առկա հիմնահարցերի քարտեզագրման և լուծումների վերաբերյալ:
Վերջում ամփոփվել են արդյունքները, որոնք, ըստ մասնակից երիտասարդների, պետք է ներառվեն «Երիտասարդության մասին» օրենքի նախագծում: