ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել է Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ:

Նախարարի տեղակալը քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ուղեկցությամբ շրջել է ուսումնական հաստատության տարածքում, ծանոթացել լսարանների վիճակին, քոլեջի գործունեությանը, առկա գործընթացներին և խնդիրներին: Նախարարի տեղակալը շրջել է նաև Ռոմանոս Մելիքյանին նվիրված նորաստեղծ ցուցասրահի տարածքում, ծանոթացել ցուցանմուշներին և նյութերին:

Այնուհետև Դանիել Դանիելյանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի դերն ու նշանակությունը հայ երաժշտարվեստում» խորագրով գիտաժողովի բացմանը: Այն նվիրված է Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի հիմնադրման 100-ամյա և Ռ. Մելիքյանի ծննդյան 140-ամյա հոբելյաններին:

Գիտաժողովը կազմակերպել էին Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը:

Նախարարի տեղակալը ողջունել է քոլեջի դասախոսներին, ուսանողներին և հյուրերին՝ նշելով որ մեծ հուզմունքով է 30 տարի անց ոտք դնում այն հաստատություն, որն իր կայացման գործում մեծ դերակատարում է ունեցել:

«Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը հազարավոր մարդանց համար եղել է և մնում է այն օրրանը, որից սկիզբ է առնում մեծ և պատասխանատու ճանապարհի սկիզբը: Անգնահատելի է նաև Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ներդրումը հայ երաժշտարվեստում»,- նշել է Դանիել Դանիելյանը և վստահություն հայտնել, որ այս կարևոր կրթօջախի պրոֆեսորադասախոսական կազմը կշարունակի կրթել և դաստիարակել այնպիսի սերունդ, որը երաժշտարվեստի, մշակույթի ոլորտում իր նշանակալի ավանդն ու ներդրումը կբերի մեր երկրին: