ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Կրթությունը՝ որպես բարեկեցիկ ապագայի գրավական» խորագրով միջազգային ուսանողական խմբի հետ քննարկմանը։
Այն կազմակերպվել է «Կոպեռնիկուս Բեռլին» ընկերակցության կողմից՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) հետ համագործակցությամբ։ Որպես բանախոսներ՝ հանդես են եկել նաև ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը և Targeting և ArmAdventure կազմակերպությունների համահիմնադիր և տնօրեն Գոռ Կարապետյանը։
«Կոպեռնիկուս Բեռլին» ընկերակցության գործադիր տնօրեն Դավիթ Բուդաղյանի համակարգմամբ կազմակերպված քննարկման հիմնական թեմաներն էին Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումները (գիտելիք և կառավարում), բիզնես և կրթություն հարաբերությունները, խաղաղության և կրթության կապը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով միջազգային երիտասարդական միջոցառումների անցկացումը Հայաստանում։ Ներկայացնելով Հայաստանում կրթության և գիտության ոլորտում իրականացվող քաղաքականության մասին, նա մասնավորապես նշել է․ «ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել կրթական լայնածավալ բարեփոխումների կրթական բոլոր մակարդակներում՝ նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն: Բոլորովին վերջերս ընդունվել է «Կրթության մինչև 2030 թվականի ռազմավարությունը» և գործողությունների պլանը, որը սահմանում է հստակ ուղենիշային շրջանակ առաջիկա տարիների համար: Շահագրգիռ տարբեր կառույցների հետ համագործակցությունն օգնել է նախանշել բարեփոխումների հստակ ուրվագիծը՝ սահմանելով հստակ ժամանակացույց յուրաքանչյուր գործողության համար: Մեր առանցքային թիրախը մարդկային կապիտալի զարգացումն է, որին ցանկանում ենք հասնել նաև միջազգային փորձի ուսումնասիրմամբ և մոտարկմամբ»։
Անդրադառնալով տարածաշրջանի կայուն զարգացմանը և խաղաղ համակեցությանը՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է կրթության դերն այդ գործընթացում։
ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը բարձր է գնահատել Հայաստանում կրթական բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով Եվրոպական միության պատրաստակամությունը՝ աջակցելու գործընթացին:
ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն էլ ներկայացրել է բուհի գործունեությունը, մասնավորապես մասնավոր հատվածի հետ համագործակցային ծրագրերը՝ կրթություն-աշխատաշուկա կապի սերտացման տեսանկյունից:
Հանդիպմանը այլ երկրներից ժամանած ուսանողներն իրենց հուզող հարցերն են ուղղել բանախոսներին:
Կլոր սեղան քննարկումը կազմակերպվել է «Կոպեռնիկուս Բեռլին» ընկերակցության կողմից սեպտեմբերի 16-24-ը «Երիտասարդությունը գործողության մեջ. խաղաղության ամրապնդման, հակամարտությունների լուծման և աշխատունակության հմտությունների խթանում» խորագրով Երևանում կազմակերպված միջազգային սեմինարի շրջանակում, որին մասնակցում են շուրջ 40 երիտասարդներ եվրոպական մի շարք երկրներից։