Հունահռոմեական ոճի ըմբիշամարտի աշխարհի քառակի, Եվրոպայի վեցակի և Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել՝ 97 կգ քաշայինների եզրափակչում 3-3 հաշվով զիջելով կուբացի Ռոսիլյո Կինդելանին:

Ալեքսանյանն ԱԱ-ում պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 10:4 հաշվով հաղթել է ռումինացի Նիկու Օժոգին, 1/8 եզրափակչում գեվստահ հաղթանակ է տարել ԱՄՆ ներկայացնող Ջոզեֆ Պատրիկ Ռաուի նկատմամբ (9:0), իսկ քառորդ եզրափակչում նույն 9:0 հաշվով հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովին: Կիսաեզրափակչում արդեն Ալեքսանյանը ժամանակից շուտ 9-0 հաշվով առավելության է հասել լիտվացի Մինդաուգաս Վենցկայտիսի նկատմամբ։

Ալեքսանյանն ապահովել է իր մասնակցությունը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում: Հայաստանի թիմի կազմում ՕԽ ուղեգրեր են նվաճել նաև Մալխաս Ամոյանն ու Սլավիկ Գալստյանը:

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը Բելգրադում ավարտված աշխարհի վարկանիշային ԱԱ-ում նաև բրոնզե մեդալ է նվաճել՝ 77 կգ քաշայինների վճռորոշ գոտեմարտում 9։7 հաշվով հաղթանակ տանելով Ղազախստանի ներկայացուցիչ Դեմեու Ժադրաևի նկատմամբ։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում 0-8 հաշվով զիջել է Իրանի ներկայացուցչին, իսկ Օլիմպիական խաղերի ուղեգրի համար պայքարում Սլավիկը մրցել է Ղրղզստանի ներկայացուցչի հետ ու 8-0 հաշվով վստահ հաղթանակի հասել։

Բրոնզե մեդալներ նվաճելուն մոտ են եղել նաև Հրաչյա Պողոսյանն ու Գևորգ Ղարիբյանը: 63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը մեդալի համար գոտեմարտում 0-4 հաշվով զիջել է սերբ Գիորգի Տիբիլովին, իսկ Գևորգ Ղարիբյանը (60 կգ) ուժերն է չափել Չինաստանի ներկայացուցիչ Չաո Լիգունի հետ և 3:5 հաշվով ցավալի պարտություն կրել:

Ղարիբյանն աշխարհի առաջնությունում պայքարը սկսել է 1/16 եզրափակչից և տպավորիչ հաղթանակներ տանելով Բուլղարիայի, Լեհաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների նկատմամբ՝ դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել էր Ճապոնիայի ներկայացուցչին: Հրաչյա Պողոսյանն ու Գևորգ Ղարիբյանը զբաղեցրել են 5-րդ հորիզոնականը:

Նշենք՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը՝ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ, թիմային հաշվարկում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 3 բրոնզե մեդալ և 2 օլիմպիական ուղեգիր էր նվաճել աշխարհի առաջնությունում: Բրոնզե մեդալակիրներ էին դարձել 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Հարությունյանն ու Թևանյանը նաև Փարիզ-2024-ի ուղեգրեր են ապահովել: