ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է երաժշտական և արվեստի դպրոցներում «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը:

Ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի մարտին: Գարնանային շրջափուլին մասնակցել է Երևանի, Արմավիրի և Լոռու մարզերի ուսումնական հաստատությունների 295 մանկավարժ: Վանաձոր քաղաքում հունիսին կազմակերպվել է կլոր սեղան՝ հայաստանյան և միջազգային մասնագետների մասնակցությամբ:

Աշնանային շրջափուլը մեկնարկում է սեպտեմբերի 25-ից, ՀՀ Արագածոտնի մարզում: Այս անգամ ծրագիրը կիրականացվի Աշտարակում, որին կմասնակցի Աշտարակի, Ուջանի, Ոսկեվազի, Կոշի երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների 60 մանկավարժ:

Ծրագրի շրջանակում ոլորտի հայաստանյան և արտասահմանյան առաջատար մասնագետների մասնակցությամբ, Երևանի և ՀՀ մարզերի արտադպրոցական ուսումնական հաստատություններում՝ երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում և ստեղծագործական կենտրոններում, կիրականացնեն ուսումնամեթոդական, գործնական օգնություն և դասալսումներ՝ վերոնշյալ դպրոցների դասատուների համար:

Ծրագիրը միտված է մանկավարժների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար նոր համապատասխան գիտելիքներ և հմտություններ ստանալուն, հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերի վերացմանը, կրթության իրավունքի ապահովմանը հավասար պայմաններում:

Ծրագրի ընթացքում մանկավարժները մասնակցում են տեսական և գործնական դասընթացների, ձեռք են բերում գիտելիքներ՝ ներառական կրթության առանձնահատկությունների, երեխաների բազմազանության, իրավական դաշտի, շրջակա միջավայրի հարմարեցման և մատչելիության մեխանիզմների, մանկավարժական հոգեբանության և էթիկայի, միջազգային փորձի և ներառական կրթության մեթոդաբանության վերաբերյալ:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում են մանկավարժների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում, գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդգրկվածության աճ, ինչպես նաև վերջիններիս կրթության իրավունքի ապահովում:

Նշենք, որ 2022 թվականին ծրագրին մասնակցել է Երևանի 28 երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 650 մանկավարժ: