Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի եռակի չեմպիոն, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 11:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Ղազախստանի ներկայացուցիչ Մեիրամբեկ Կարբաուի նկատմամբ:

Սա Հարությունյանի երրորդ բրոնզե մեդալն էր աշխարհի առաջնություններում:

Հայ ըմբիշը նաև Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել։ Մինչ այս, Հայաստանից ՕԽ-ին իր մասնակցությունն ապահովել էր նաև հրաձիգ Էլմիրա Կարապետյանը:

Հարությունյանն աշխարհի առաջնությունում պայքարը սկսել է որակավորման փուլից և վստահ հաղթանակներ տանելով ուկրաինացի Կամիլ Կերիմովի (14-3), իտալացի Սիմոնե Պիրոդուի (14-2) և մակեդոնացի Վլադիմիր Եգորովի (11-0) նկատմամբ՝ դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ, սակայն, 14-16 հաշվով զիջել էր աշխարհի գործող չեմպիոն, ճապոնացի Ռեի Հիգուչիին։ Վերջինս հասել է եզրափակիչ, ինչի արդյունքում Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել և 10:0 հաշվով առավելության հասել չինացի Վանհաո Ժոուի նկատմամբ:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ԱԱ-ում պայքարը շարունակում է միայն Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ). այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Թևանյանը կգոտեմարտի ԱԱ-ի բրոնզե մեդալի և օլիմպիական ուղեգրի համար:

Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Բելառուսը ներկայացնող ռուսաստանցի Նյուրգուն Սկրյաբինի նկատմամբ, 1/8 եզրափակչում 8-6 հաշվով առավելության է հասել Տաջիկստանի ներկայացուցչի նկատմամբ:

Քառորդ եզրափակչում Թևանյանը ժամանակից շուտ վստահ հաղթանակ է տարել օլիմպիական փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևի նկատմամբ՝ 12-2։

Կիսաեզրափակչում, սակայն, հայ ըմբիշը վերջին վայրկյաններին զիջել է Կուբայի ներկայացուցչին՝ 9-10, և կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել նաև մինչև 70 կգ քաշային Արման Անդրեասյանը՝ վճռորոշ գոտեմարտում 12:1 հաշվով վստահ հաղթանակ տանելով հնդիկ Աբհիմանյու Աբհիմանյուի նկատմամբ։

Սեպտեմբերի 21-ից մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին։ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ վարկանիշային ԱԱ-ին կմասնակցեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Նշենք՝ յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր՝ 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ: