Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել:

Մինչև 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, ազատ ոճային ըմբիշ Արման Անդրեասյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ վճռորոշ գոտեմարտում 12:1 հաշվով վստահ հաղթանակ տանելով հնդիկ Աբհիմանյու Աբհիմանյուի նկատմամբ։

Անդրեասյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 4-1 հաշվով հաղթել է չինացի Նա Չաոյին: 1/8 եզրափակչում արդեն Անդրեասյանը 5-2 հաշվով առավելության է հասել Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում ուժեղ է գտնվել Ճապոնիայի ներկայացուցչից՝ 5-3: Կիսաեզրափակչում, սակայն, Արմանը 0-7 հաշվով պարտվել է ԱՄՆ ներկայացուցիչ Զայն Ալեն Ռեթերֆորդին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Մ23 տարեկանների աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանն ԱԱ-ում պայքարը կշարունակի բրոնզե մեդալի համար։

Հարությունյանը (57 կգ) պայքարը սկսել է որակավորման փուլից և վստահ հաղթանակներ տանելով ուկրաինացի Կամիլ Կերիմովի (14-3), իտալացի Սիմոնե Պիրոդուի (14-2) և մակեդոնացի Վլադիմիր Եգորովի (11-0) նկատմամբ՝ դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ, սակայն, 14-16 հաշվով զիջել է աշխարհի գործող չեմպիոն, ճապոնացի Ռեի Հիգուչիին։

Վերջինս հասել է եզրափակիչ, ինչի արդյունքում Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն է ստացել։ Հաղթանակի դեպքում հայ ըմբիշը կպայքարի բրոնզե մեդալի, ինչպես նաև օլիմպիական ուղեգրի համար։

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մարտական կազմերով են մասնակցում վարկանիշային ԱԱ-ին։

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաև Նորիկ Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ):

Ազատ ոճայինների մրցելույթները կտևեն մինչև սեպտեմբերի 19-ը։

Սեպտեմբերի 21-ից մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին։ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ վարկանիշային ԱԱ-ին կմասնակցեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Նշենք՝ յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր՝ 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ: