Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնության 102 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ են դուրս եկել Եվրոպայի գործող չեմպիոններ Գարիկ Կարապետյանը և Սամվել Գասպարյանը:

Գասպարյանը երկամարտի 394 կգ (178+216 կգ) արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Նույն արդյունքով բրոնզե մեդալակիր է դարձել Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Ցիգանկովը, որն առաջինն էր բարձրացրել այդ քաշը։

Կարապետյանը երկամարտի 393 կգ (183+210 կգ) արդյունքով գրավել է 5-րդ տեղը։ Պոկում վարժությունում Կարապետյանը գլխավերևում պահել է 183 կգ ծանրաձողը, նվաճել է փոքր արծաթե մեդալ և սահմանել երիտասարդների աշխարհի ռեկորդ։

Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է Չինաստանի ներկայացուցիչ Լի Հուանհուան՝ երկամարտի 404 կգ արդյունքով։ Արծաթե մեդալակիր է դարձել B խմբի հաղթող կորեացի Յեոնհակ Յանգը (399 կգ)։

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԱ-ում Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Ժամը 12:30-ին կանանց 81 կգ քաշային կարգի B խմբում պայքարը կսկսի Լիանա Գյուրջյանը: Երեկոյան՝ 20:00-ից, մրցահարթակ դուրս կգան 87 կգ քաշայիններ Հռիփսիմե Խուրշուդյանն ու Տաթև Հակոբյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի կազմում երկամարտի դեռևս միակ մեդալն ապահովել է 67 կգ քաշային Գոռ Սահակյանը՝ 312 կգ (142+170) արդյունքով դառնալով մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայ ծանրորդը նաև փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում:

Աշխարհի 88-րդ առաջնությանը 120 երկրների ավելի քան 700 մարզիկ-մարզուհիներ են հայտավորված: Ծանրամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: