ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում և արգելոց-թանգարաններում ներդրվելու է էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ: Այդ նպատակով ՀՀ կառավարության սեպտեմբերի 14-ի որոշմամբ նախարարությանը պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել վերաբաշխում՝ 49 մլն դրամի չափով:

Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը բաղկացած է լինելու տոմսերի վաճառքի և մուտքի հասանելիության վերահսկման ու կառավարման բաղադրիչներից:

Տոմսերի վաճառքի համակարգն այցելուների համար նախատեսված եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) կայք է: Համակագի միջոցով իրականացվելու են կարգաբերումները, մուտքագրվելու է ողջ տեղեկատվությունը, դրամարկղի վաճառողների կողմից իրականացվելու է տոմսերի առձեռն վաճառքը, սահմանվելու է գնային, զեղչային և աբոնեմենտային քաղաքականությունը, գեներացվելու են հաշվետվությունները, ապահովվելու է կապը մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգի հետ:

Մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգը հայալեզու կայք է, որը նախատեսված է ընդհանուր ղեկավարման համար: Հարթակի միջոցով կարելի է ստեղծել օգտագործողների և կառավարողների էջեր, թանգարանների և մասնաճյուղերի անհատական հաշիվներ, կառավարման, տարատեսակ ցուցադրությունների և այլ ծրագրերի տոմսերի, գնային զեղչերի սահմանման, խմբագրման, ինչպես նաև հերթագրման առցանց հնարավորություններ: