ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի համար հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 3 մլրդ 134 մլն 615 հազար դրամ գումարի չափով: Վերաբաշխման արդյունքում առաջացող տարբերությունը՝ 1 մլրդ 868 մլն 106 հազար դրամի չափով, ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:

Ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերաբաշխման նպատակն է ապահովել անհրաժեշտ հատկացումներ 2023 թվականին ավարտվող դպրոցների և մանկապարտեզների շինարարական ծրագրերի համար: ««300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում իրականացվում են ծավալուն աշխատանքներ, մասնավորապես մոդուլային հաստատությունների կառուցման ուղղությամբ: Մոդուլային դպրոցների կառուցման ծրագրի շրջանակում ունենք 25 հաստատություն, որոնցից 2-ի՝ Դեղձուտի և Արգինայի շինարարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: 9-ի շինարարությունն ավարտվելու է այս տարի, որոնց համար այս որոշմամբ նախատեսված են լրացուցիչ հատկացումներ: Ընդ որում՝ Կաթնաղբյուրի դպրոցի շինարարությունն արդեն ավարտվել է. այս տարվանից այն իր գործունեությունը ծավալում է նորակառույց շենքում: Մոդուլային այս դպրոցները սպասարկելու են շուրջ 3272 աշակերտի և ծառայելու են ոչ միայն որպես կրթական հաստատություն, այլև որպես համայնքային կենտրոն:

Մոդուլային մանկապարտեզների կառուցման ծրագրում ընդգրկված է 19 հաստատություն, որոնցից 4-ի շինարարությունն ավարտվում է այս տարի. 2-ի մասով այս որոշմամբ նախատեսված են հատկացումներ: Մանկապարտեզները սպասարկելու են շուրջ 2842 երեխաների»,- նշել է նախարարը:

Նախարարի զեկուցմամբ՝ որոշումը վերաբերում է նաև 15 դպրոցի մարզադահլիճների կառուցման և 9 դպրոցի մարզադահլիճների վերակառուցման աշխատանքներին: Մինչև տարեվերջ կավարտվեն Երևանի Մնջախաղի պետական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2019 թվականին: Ընթացքում շենքի արտաքին տեսքի պահպանման անհրաժեշության առնչությամբ առաջացած խնդիրների կարգավորման և շինարարության ավարտի նպատակով որոշակիորեն ավելացել են աշխատանքի ծավալները: Ընդունված որոշմամբ կարգավորվում է նաև այդ հարցը:

Մինչև տարեվերջ նախատեսվում է շինարարական աշխատանքներն ավարտել ներքոնշյալ կառույցներում.

Մոդուլային դպրոցներ՝

  • ՀՀ Լոռու մարզի «Հագվու հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Լոռու մարզի «Մեդովկայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Կոտայքի մարզի «Ջրառատի միջնակարգ դպրոց»
  • ՀՀ Կոտայքի մարզի «Կաթնաղբյուրի հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Շիրակի մարզի «Կապսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Սյունիքի մարզի «Դարբասի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Վայոց Ձորի մարզի «Եղեգիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Տավուշի մարզի «Կիրանցի Գ. Վարդանյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Կառուցվող մարզադահլիճներ՝

  • «Երևանի Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  • «Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց» ՊՈԱԿ
  • «Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոց» ՊՈԱԿ
  • «Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Արագածոտնի մարզի «Թալինի ավագ դպրոց»
  • ՀՀ Արմավիրի մարզի Արտիմետի միջնակարգ դպրոց
  • ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց
  • ՀՀ Արմավիրի մարզի «Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Արմավիրի մարզի «Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Արմավիրի մարզի «Արմավիրի թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Խ. Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Լոռու մարզի «Ստեփանավանի թիվ 1 վարժարան»
  • ՀՀ Լոռու մարզի «Ագարակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Լոռու մարզի «Վարդաբլուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Վերակառուցվող մարզադահլիճներ՝

  • «Երևանի Մ. Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  • «Երևանի թիվ 136 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Արմավիրի մարզի «Շահումյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Արմավիրի մարզի «Փշատավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ (
  • ՀՀ Արմավիրի մարզի «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Արմավիրի մարզի «Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Գեղարքունիքի մարզի «Ակունք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  • ՀՀ Վայոց ձորի մարզի «Շատինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Մոդուլային մանկապարտեզներ՝

  • ՀՀ Արմավիրի մարզի Արևիկ համայնքում 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ
  • ՀՀ Արմավիրի մարզի Այգևան համայնքում 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ
  • ՀՀ Արարատի մարզի Արալեզ համայնքում 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ
  • ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքում 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ

Նշված համայքներում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզների կառուցման աշխատանքներն ավարտվելու են մինչև տարավերջ:

Ընդգծելով ծրագրի կարևորությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դպրոցների և մանկապարտեզների շինարարությունն ունի ռազմավարական առաջնահերթություն, և բոլոր ջանքերը պետք է կենտրոնացվեն նախանշված աշխատանքները ժամանակին իրականացնելու համար: