Հարգելի՛ պարոն Բայանդուրյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ:
Շուրջ կես դար Դուք նվիրական աշխատանքով ծառայում եք նորին գերազանցություն թատրոնին՝ գեղագիտական և գեղարվեստական նոր չափանիշներով հարստացնելով հայ թատերարվեստը և, մասնավորաբար, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական թատրոնը, որի ղեկավարումը ստանձնել եք 1994 թվականից:
Ձեր ստեղծած բեմադրությունները, որոնք նոր գույն ու որակ են բերել Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական թատրոնին, արժանացել են ոչ միայն հանդիսատեսի բարձր գնահատականին, այլև բազմաթիվ թատերական մրցանակների:
Ապրելով և ստեղծագործելով հայրենիքից դուրս՝ Դուք անմնացորդ նվիրվել եք հայ թատերարվեստի զարգացման, վիրահայ երիտասարդության հայեցի դաստիարակման, հայ-վրացական բարեկամական և մշակութային կապերի ամրապնդման գործին:
Սիրելի՛ պարոն Բայանդուրյան, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արևշատություն, ստեղծագործական ներշնչումներ, լեփ-լեցուն դահլիճներ և հավատարիմ հանդիսատես: