ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 12-14-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան անցկացնում է «Արամ Խաչատրյան-120» խորագրով միջազգային գիտաժողով։

Գիտաժողովի բացմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:

Գիտաժողովի նպատակն է ներկայացնել խաչատրյանագիտության արդի վիճակը, քննության առնել հայ ականավոր կոմպոզիտորի ստեղծագործական, կատարողական ու երաժշտական-հասարակական գործունեությունը, արժևորել նրա թողած ժառանգությունը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորել է Արամ Խաչատրյանին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացումը՝ կոմպոզիտորի՝ համաշխարհային արժեք ներկայացնող ժառանգությունը ևս մեկ անգամ արժևորելու և հանրահռչակելու տեսանկյունից: Այս համատեքստում Դանիել Դանիելյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նախընթաց ամիսներին հայ երաժիշտները հյուրախաղերով հանդես են եկել բազմաթիվ բեմերում՝ ներկայացնելով մեծանուն հայի ստեղծագործությունները:

«Կոմպոզիտորն ապրում է այնքան, որքան հնչում է նրա երաժշտությունը, որքան երկար խոսում են նրա արվեստի մասին: Իսկ Արամ Խաչատրյանը վաղուց Հայաստանի երաժշտական այցեքարտն է աշխարհում»,- ասել է Դանիել Դանիելյանը:

ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով՝ անուրանալի է Խաչատրյանի պատմաքաղաքական հետքը հայկական իրականությունում. «Ստեղծագործելով խորհրդային տարիներին, Արամ Խաչատրյանի «Սպարտակն» ու «Գայանեն» հնչում էին ամենամեծ բեմերում: Սա փաստում է, թե ինչ մեծ է արվեստի դերը կրթության, քաղաքականության, ազգային ռազմավարության ոլորտներում: Այս նույն խիզախությամբ պետք է արվեստին և ստեղծագործական կյանքին մոտենա նաև նոր սերունդը»:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են 8 երկրների (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, Լատվիա, Նիդեռլանդներ, Շվեդիա, Լիբանան) միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներ և երիտասարդ հետազոտողներ:

«Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ աշխարհի 3 մայրցամաքից: Սա վկայում է այն մասին, որ ոչ միայն չի նվազել աշխարհի հետաքրքրությունը Արամ Խաչատրյանի երաժշտության հանդեպ, այլև շարունակում է մնալ հայ և օտարազգի հետազոտողների ուշադրության կենտրոնում»,- իր խոսքում նշել է ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը;

Գիտաժողովի շրջանակնում ՀՀ ԳԱԱ ճեմասրահում կազմակերպվել է խաչատրյանագիտության ձեռքբերումները ներկայացնող ցուցադրություն, իսկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում՝ «Հավերժ երախտապարտ Արամից» ցուցահանդեսը, որի ընթացքում ներկայացվում են Ել. Ֆ. Գնեսինայի թանգարան-բնակարանում (Մոսկվա) պահվող նյութերը:

Նշենք, որ գիտաժողովը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ: