ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում այսօր քննարկվել է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ այն առաջին ընթերցմամբ ընդունվել է այս տարվա մայիսին, որից հետո ԱԺ-ի հետ համատեղ բավականին մեծ ծավալի աշխատանք է իրականացվել. Կառավարության կողմից ներկայացվել է շուրջ 15 առաջարկ, որոնք բոլորն էլ ընդունվել են:

«Կարծում եմ՝ այս փոփոխությունները կարող են ոլորտի զարգացման համար որակապես նոր պայմաններ սահմանել, և կինոարտադրության զարգացումը կարող է նոր տեմպերով առաջ գնալ: Հետաքրքրությունը բավականին մեծ է: Ավելին՝ սա հեռանկար բացող փոփոխություն է, որովհետև կարող է նաև հիմք հանդիսանալ կինոարտադրության ոլորտում պետական բյուջեից հատկացվող գումարների ավելի նպատակային և ավելի արդյունավետ պլանավորման համար: Այդ առումով սա մեզ համար նաև շատ կարևոր փորձարկման փուլ է, որը թույլ կտա շարունակել ոլորտի փոփոխությունները՝ մեծացնելով աշխատանքի արդյունավետությունը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում արված փոփոխություններից ամենաէականը, թերևս, վերաբերում է ֆիլմարտադրության ոլորտում միջոցների մասնակի վերադարձի (cash rebate) սահմանաչափին:

Օրենքի ընդունումից հետո 6-ամսյա ժամկետում Կառավարությունը կհրապարակի, կսահմանի այն ապրանքների և ծառայությունների ցանկը ու դրանց պայմանները, որոնցից օգտվելու դեպքում ֆիլմարտադրողները կկարողանան ստանալ միջոցների վերադարձ՝ 10-40%-ի չափով: Ակնկալվում է, որ փոփոխության արդյունքում Հայաստանում կինոարտադրության ոլորտում էական առաջընթաց կարձանագրվի:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հարցի վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը: Նախարարը կարևորել է փոփոխությունների իրականացումը հենց այս տարի՝ հաշվի առնելով, որ նշվում է Հայ կինոյի 100-ամյակը. «Սա խորհրդանշում է, որ մենք կինոարտադրության զարգացման նոր հնարավորություններ բացելու ճանապարհին ենք: Կառավարության դիրքորոշումը դրական է: Ամեն կերպ կաջակցենք նաև հետագա գործընթացներին»:

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը կդրվի քվեարկության: