«Միջազգային բակալավրիատի» (ՄԲ) համաշխարհային դպրոց և նախակրթարան (IB World School) ծրագրով կրթության կազմակերպման հավաստագիր է տրվել «Օհանյան» կրթահամալիրին և նրա կազմում գործող «Նյուտոնիկ» նախակրթարանին:
Այս ձեռքբերումն ընդգծում է դպրոցի հանձնառությունը՝ ապահովելու միջազգային բարձր չափանիշներին համապատասխան կրթություն՝ ուղղված ապագա առաջնորդների ձևավորմանը։
Մեթոդաբանության առանցքում ընկած է հետազոտահեն և նախագծահեն ուսումնառությունը, ինչն իրականացվում է միջառարկայական և վերառարկայական կապերի ապահովման, մանկավարժների համագործակցային պլանավորման միջոցով։
Միջազգային բակալավրիատն իր անդամների գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների ընթացքում թիրախավորում է կառավարման, կրթական ծրագրերի, ուսուցման, ուսումնառության և գնահատման մեթոդների, ռեսուրսների համապատասխանությունը սահմանված չափանիշներին։ Մանկավարժների ընթացիկ միջազգային վերապատրաստումները ծրագրի առաջնային պահանջներից են։
«Միջազգային բակալավրիատը» համաշխարհային ճանաչում է ձեռք բերել քննադատական մտածողությունը, ստեղծարարությունը և անձնական զարգացումը շեշտադրող խիստ ակադեմիական ծրագրերի շնորհիվ։
Նախադպրոցական և տարրական դասարանների ծրագիրը (PYP) նախատեսված է 3-12 տարեկան սաների համար և կենտրոնանում է նրանց ինտելեկտուալ, սոցիալ-հուզական հմտությունների զարգացման վրա՝ խթանելով ցկյանս ուսումնառությունը և նախաձեռնողականությունն արագ զարգացող աշխարհում։
Կրթօջախն այս անդամակցությամբ ձեռք է բերել հասանելիություն ռեսուրսների հարուստ ընտրանու, ուսուցիչների համար մասնագիտական զարգացման լայն հնարավորությունների, ինչպես նաև ամբողջ աշխարհում գործող հեղինակավոր ՄԲ համաշխարհային դպրոցների ցանցին։
Այս համագործակցությունը դպրոցին հնարավորություն է տալիս զարգացնելու կրթության բովանդակությունը, ուսուցման, ուսումնառության և գնահատման մեթոդները, ռեսուրսները։