Սեպտեմբերի 9-ին Երևանում վերջին հրաժեշտն են տվել Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանին. նրա աճյունն ամփոփվել է Կոմիտասի անվան պանթեոնում:

Նախօրեին էլ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է լեգենդար մարմնամարզիկի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:

Անվանի մարզիկի հոգեհանգստի արարողությանը մասնակցել են նաև պետական պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզասերներ։ Ազարյանի աճյունի մոտ պատվո պահակ էին կանգնել Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները, ինչպես նաև նրա անունը կրող մարզադպրոցի՝ տարբեր տարիներին մարզական կրթություն ստացած սաները։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ Ալբերտ Ազարյանը լուրջ հետք է թողել Հայաստանի և համաշխարհային սպորտի պատմության մեջ. «Ալբերտ Ազարյանին երկինք տարավ սերը։ Կնոջ՝ տիկին Լիզայի մահից հետո նա հալվեց աչքներիս առաջ ու գիտակցաբար գնաց երկինք՝ միանալու այն միակ սիրելիին, որի հետ շատ երկար ու գեղեցիկ ճանապարհ էր անցել։ Ալբերտ Ազարյանը լուրջ հետք թողեց Հայաստանի և համաշխարհային սպորտի պատմության մեջ։ Իր ազարյանական հայտնի խաչը դարեր կմնա ու մարդկանց կհիշեցնի այն դյուցազնին, որն այդ խաչն առաջին անգամ արել է»:

Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականի փետրվարի 11-ին Գանձակում՝ արհեստավորի ընտանիքում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։ Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։

Մասնակցել է մրցումների աշխարհի 49 երկրում, նվաճել է 45 ոսկե, 42 արծաթե և 10 բրոնզե մեդալներ։ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: ԽԱՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման։

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։

Ալբերտ Ազարյանը Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահն էր: «Oղակների արքան» կյանքից հեռացել է օգոստոսի 5-ին՝ 94 տարեկանում: