Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շրջայց է կատարել Երևանում և ծանոթացել վարչական շրջաններում իրականացված և ընթացիկ մի շարք ծրագրերի:

Վարչապետին ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը և Կարեն Գիլոյանը:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Շենգավիթ վարչական շրջանում, որտեղ ընթացքի մեջ են Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները: Դրանք մեկնարկել են 2022 թ., իսկ շինաշխատանքների ավարտը նախատեսված է 2024 թ.։

Կառուցվում է 2 մասնաշենք, ինչպես նաև հեծանվային ուղի՝ տեղակայված շենքի 220 մ պարագծով, 2 մ լայնությամբ։ Ծրագիրը ներառում է նաև 1727 քմ տարածքի բարեկարգում։ Ծրագրի ընդհանուր արժեքը ավելի քան 1 մլրդ 62 մլն դրամ է, որը հատկացվել է Կառավարության կողմից։ Կատարվել են աշխատանքների 65 %-ը: Գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մասնաշենքի մակերեսը 1424 քմ է։ Ներառում է դահլիճ՝ 1076 քմ, 250 նստատեղով տրիբունա, հանդերձարաններ և սանհանգույցներ, ճաշարան, պարի հարթակ, ադմինիստրատիվ և օժանդակ սենյակներ, հարթակ, որը կարող է ծառայել որպես գեղարվեստական մարմնամարզության թանգարան, իսկ մրցումների ժամանակ՝ 20-30 մարդ/տեղով դիտահարթակ հյուրերի համար, նաև ներառում է ֆեն-շու «Feng shui» հարթակ՝ դեպի հարթ տանիք ելքով։

Հեծանվային սպորտդպրոցի երկհարկանի մասնաշենքի մակերեսը 1280 քմ է։ Առաջին հարկում տեղակայված են 70-90 աշակերտի համար նախատեսված 9 խմբասենյակ՝ ելքերով դեպի հեծանվային ուղի, հանդերձարաններ և սանհանգույցներ, ֆիզպատրաստության դահլիճ, ադմինիստրատիվ և օժանդակ սենյակներ։ Երկրորդ հարկում նախատեսվում է հեծանվասպորտի թանգարան, իսկ տանիքում՝ 75 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայան։ Ծրագիրն իրականացվում է «Մարզական օբյեկտների շինարարություն» միջոցառման շրջանակում:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է Էրեբունի վարչական շրջան, ծանոթացել թիվ 6 հիմնական դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին: Դպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2020 թ. օգոստոսին և արդեն իսկ ավարտական փուլում են: Դպրոցը դռները կբացի հոկտեմբերի 1-ին։ Դպրոցի կառուցման արժեքը կազմել է 1 մլրդ 211 մլն դրամ։ Ներկայում աշակերտների թիվը 768 է։ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին իրականացվել է դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման գործընթացը, ինչի համար հատկացվել է 26,6 մլն դրամ։

Աջափնյակ վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է թիվ 122 հիմնական դպրոցի կառուցման աշխատանքներին, որոնք մեկնարկել են 2020 թ. նոյեմբերին։ Դպրոցի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են: Բացումը նախատեսված է այս տարվա նոյեմբերի 1-ին։ Դպրոցի կառուցման արժեքը կազմել է 1 մլրդ 872 մլն դրամ։ Դպրոցի աշակերտների թիվը 748 է։ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 23,4 մլն դրամ՝ դպրոցի համար անհրաժեշտ գույք ձեռք բերելու նպատակով:

Վարչապետն այցելել է նաև Աջափնյակ վարչական շրջանի թիվ 111 հիմնական դպրոց, որի կառուցման աշխատանքները սկսվել են 2021 թ. հունվարին և արդեն իսկ ավարտվել են: Բացումը նախատեսված է այս տարվա հոկտեմբերի 1-ին։ Դպրոցի կառուցման արժեքը կազմել է 1 մլրդ 584 մլն դրամ։ Դպրոցի նախագծային հզորությունը նախատեսված է 432 աշակերտի համար, ներկայում աշակերտների թիվը կազմում է 273։ Անհրաժեշտ գույք ձեռք բերելու համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 19,9 մլն դրամ:

Նույն վարչական շրջանի Երևանի թենիսի և բադմինտոնի մանկապատանեկան մարզադպրոցում Կառավարության ղեկավարը ծանոթացել է «Կիլիկիա» մարզադահլիճի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին: Շենքի ընդհանուր մակերեսը 1708,1 քմ է։ Ծրագրի ընդհանուր արժեքը 693 մլն 694 հազար դրամ է։ Մարզադահլիճի շենքը ներառում է բազմաֆունկցիոնալ մարզադահլիճ` բադմինտոնի 6 հարթակով՝ համատեղված թենիսի 2 հարթակով, ինչպես նաև՝ հանդերձարաններ, ցնցուղարաններ, շոգեբաղնիք, ադմինիստրատիվ մաս։ Ծրագիրն իրականացվել է «Աջակցություն համայնքներին մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման համար» միջոցառման շրջանակում։

Կենտրոն վարչական շրջանում վարչապետը նախ ծանոթացել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք մեկնարկել են 2018 թ.-ի վերջին և նախատեսվում է ավարտել 2024 թ.-ի գարնանը: Ներկայում ընթանում են ներքին հարդարման աշխատանքները: ՀՀ պետական բյուջեի միջոցներից ձեռք է բերվել նոր կահույք և լուսաձայնային տեխնիկա՝ ընդհանուր 326,9 մլն դրամի շրջանակում:

Վարչապետի վերջին կանգառը եղել է Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցը, որտեղ կառուցվում է մարզադահլիճ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թ. հունիսի 13-ին։ Կատարվել է աշխատանքների շուրջ 70 %-ը։ 252 մլն դրամ արժողությամբ ծրագիրն ավարտին կհասցվի մինչև տարեվերջ: Ծրագրով նախատեսված է 24x15 մ մարզադահլիճ, հանդիսատեսի համար նստատեղեր և բարեկարգման աշխատանքներ։ Այն իրականացվում է «Հանրակրթական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների նոր մարզադահլիճների կառուցում/վերակառուցում» միջոցառման շրջանակում։