ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շարունակում է մշակութային հաստատություններ այցերը: Այդ շրջանակում նա այցելել է Հայաստանի կոմպոզիտորների միություն և Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալին ներկայացրել է միության գործունեությունը, նախատեսվող ծրագրերը, միջազգային համագործակցության ներկա ծրագրերն ու հեռանկարները: Առաջիկա ծրագրերից կարևորվել են Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի 100 և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակները: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը, որը փոխնախարարին ներկայացրել է սեպտեմբերի 12-14-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կայանալիք «Արամ Խաչատրյան-120» խորագրով միջազգային գիտաժողովի ծրագիրը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մասնավորապես հետաքրքրվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթի ընթացքով: Դանիել Դանիելյանը կարևորել է վաղ տարիքից պատանիներին կոմպոզիտորական արվեստով խրախուսելու և այդպիսով ոլորտը զարգացնելու ցանկացած նախաձեռնություն: ԿԳՄՍ փոխնախարարը կարևորել է նաև հայկական երաժշտարվեստի հանրահռչակումը արտերկրում, ինչպես նաև միջազգային հռչակ ունեցող ստեղծագործությունների կատարումը Հայաստանի բեմերում: Դանիել Դանիելյանը առանձնակի շեշտել է մշակույթի և արվեստի ապակենտրոնացումը և մարզային կառույցների ակտիվ համագործակցության զարգացումը:
«Արդյունավետ կարող ենք աշխատել, եթե համատեղենք մեր ուժերն ու ռեսուրսները, ոչ թե ամեն մեկս մեր կառույցում նստած առանձին գործունեություն ծավալենք»,- ասել է Դանիել Դանիելյանը:
Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շրջել է թատրոնում, ծանոթացել շենքային պայմաններին ու գույքային հագեցվածությանը, թատրոնի կրթամշակութային ծրագրերին ու գործունեությանը: Դանիել Դանիելյանն ընդգծել է, որ մշակութային ցանկացած ծրագիր, որ իրականացվում է երեխաների համար, պետք է ունենա կրթական բաղադրիչ՝ ապահովելով կրթության և մշակույթի ամուր կապը: Քննարկվել են մարզերի երեխաներին տիկնիկային արվեստը հասանելի դարձնելու ծրագրերն ու դրանց զարգացման հեռանկարները: ԿԳՄՍ փոխնախարարը հավաստել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու ցանկացած նախաձեռնության, որը կզարգացնի ոլորտը՝ ապահովելով ներառականությունն ու մասնակցայնությունը: