ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական նորակառույց դպրոց, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Վարչապետին ուղեկցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և այլք:

Դպրոցի կառուցման շինաշխատանքները մեկնարկել են 2020 թ. նոյեմբերից և ավարտվել 2023 թ. հուլիսին: Շինարարական աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին. տրամադրվել է 712,3 մլն դրամ: Դպրոցի գույքի ձեռքբերման համար պետբյուջեից հատկացվել է 18 մլն 660 հազար դրամ: Իրականացվել են նաև տարածքի բարեկարգման և ցանկապատման, արևային վահանների, ներքին ինժեներական համակարգերի մոնտաժման կառուցման աշխատանքները: Այս ուսումնական տարում դպրոցում սովորում է 73 աշակերտ:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով ու նաև կարևորել 300 դպրոցի կառուցման Կառավարության ծրագիրը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում ավելի հաճախ նորակառույց դպրոցներ կբացվեն:

«Մասնավորապես ակնկալում ենք, որ առաջիկայում կբացվեն նորակառույց կամ վերակառուցված դպրոցներ: Սպասում ենք Երևանի 111, 122 հիմնական դպրոցների, Կոտայքի մարզի Ջրառատի, Լոռու մարզի Մեդովկայի միջնակարգ դպրոցների շինարարության ավարտին», - նշել է Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը հավելել է, որ գործադիրը շինարարության նոր մշակույթ է փորձում ներդնել, որի լավագույն օրինակներից է մոդուլային դպրոցների կառուցումը. «Առաջիկայում մենք լաբորատոր հագեցվածությանն խնդիրը կլուծենք, մարզագույքի խնդիր կա որոշ տեղերում, ոռոգման համակարգի խնդիր արձանագրեցինք: Այս ամենը կշտկվի, տիպային նախագծերում էլ կանենք նաև անհրաժեշտ փոփոխություններ»:

Ողջունելով ուսուցիչներին՝ վարչապետը նշել է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ուսուցիչների աշխատավարձի առնվազն կրկնապատկման հնարավորություն կա: Նա կոչ է արել ուսուցիչներին մասնակցել կամավոր ատեստավորմանը` իրենց համար ապահովելով ավելի բարձր վարձատրություն:

Սեպտեմբերի 1-ից բարձրացվել են ԲՏՃՄ ուղղության առարկաներ դասավանդող ուսուցիչների, հեռավոր և թերբեռնված դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը՝ անկախ կամավոր ատեստավորումից: