Հայաստանի ներկայացուցիչները 2 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել սեպտեմբերի 3-ից Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկած խուլերի ըմբշամարտի մեծահասակների, երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունում:

Մեծահասակների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Սենիկ Սերոբյանը: 55 կգ քաշային կարգում Սերոբյանը ջախջախիչ հաղթանակներ է տարել թուրք (13:5), ուկրաինացի (14:4), ղազախ (8:0), պարսիկ (13։6) և բուլղարացի (9։0) մարզիկների նկատմամբ։ Սենիկը կարիերայում երրորդ անգամ է հռչակվել աշխարհի չեմպիոն:
Սենիկ Սերոբյանը նաև Սուրդլիմպիկ խաղերի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի հնգակի փոխչեմպիոն։

Պատանիների պայքարում ոսկե մեդալին արժանացել ու պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել հունահռոմեական ոճի ըմբիշ, 51 կգ քաշային Արման Ասատրյանը։

97 կգ քաշային կարգում արծաթե մեդալի են արժանացել Մուրադ Գասպարյանը և 87 կգ քաշային կարգում` Նարեկ Նիկողոսյանը, իսկ Գևորգ Սողոյանն ու Գաբրիել Ամիրխանյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Հայաստանի թիմը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեծաքանակ պատվիրակությամբ է մեկնել մրցավայր: Թիմի կազմում 14 մարզիկ է ընդգրկված:

Ըմբիշները խուլերի աշխարհի առաջնությանը մասնակցում են մարզիչներ Գագիկ Սերոբյանի, Մարտին Ալիխանյանի և Ժիրայր Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Մրցումներն ընթացքի մեջ են: