ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել հանրապետությունում նոր կառուցված դպրոցներում, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Վարչապետին ուղեկցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, համապատասխան մարզերի և համայնքների ղեկավարները:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Երևանի թիվ 116 հիմնական դպրոցը, որը կառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող դպրոցների «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում: Դպրոցի նախագծային աշխատանքները մեկնարկել են 2019 թ. փետրվարից, շինարարական աշխատանքները՝ 2020 թ. հոկտեմբերից, ավարտվել է 2023 թ. հունվարին: Շինարարական աշխատանքներն իրականացվել են Ասիական զարգացման բանկի միջոցներով: Ընդհանուր առմամբ դպրոցի կառուցմանը տրամադրվել է 1,391,580.8 հազար դրամ: Բացի կառուցումից դպրոցը նաև նոր գույքով է հագեցվել, որի համար հատկացվել է 35,805.6 հազ. դրամ: Շենքային պայմանները համապատասխանում են ժամանակակից կրթական պահանջներին: Դպրոցն ունի նաև բարեկարգված՝ կանաչապատ և ասֆալտապատ բակային տարածք: Նոր ուսումնական տարում դպրոցում սովորելու է 465 աշակերտ:

Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարվա սեպտեմբերի 1-ին Երևանում բացվել է հիմնովին վերակառուցված 3 դպրոց, այդ դպրոցներն են՝ Երևանի թիվ 55 հիմնական դպրոցը, թիվ 116 հիմնական դպրոցը, թիվ 18 հիմնական դպրոցը, որի նախկին դիմային պատը պահպանվել է որպես մշակութային արժեք:

Սեպտեմբերի 1-ին հանրապետությունում, ընդհանուր առմամբ, բացվել է 8 նոր դպրոց: Բացի վերոնշյալ 3 դպրոցներից բացվել են նաև Արմավիրի մարզի Պտղունքի միջնակարգ դպրոցը, Արարատի մարզի Դեղձուտի հիմնական դպրոցը, Արագածոտնի մարզի Օհանավանի միջնակարգ դպրոցը, Վայոց ձորի մարզի թիվ 1 հիմնական դպրոցը, Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական դպրոցը:
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրն ի սկզբանե ընկալում ենք և վերնագրում որպես կրթական ծրագիր, բայց այժմ տեսել ենք, որ դա ավելին է քան կրթական ծրագիրը: Եթե ուզում ենք ուժեղացնել մեր պետության և հասարակության հիմքերը և վերացնել թերությունները, պետք է նայենք արմատին: Իսկ արմատը դպրոցն է, արմատը նախակրթարանն է: Խնդիրների լուծումը, ինչպես նաև դրանց ծագումը դպրոցում է արմատավորվում. ես ուզում եմ, որ սա լավ արձանագրենք և հասկանանք:

Խնդիրներ պետական համակարգում. մենք պետք է գանք դպրոց, նայենք, տեսնենք, թե դպրոցի որ անկյունում է սկսվել այս խնդիրը: Խնդիրներ տնտեսության հատվածում՝ մենք պետք է գանք դպրոց և տեսնենք դպրոցի որ սենյակում է սկսվել այն: Պրոբլեմներ անվտանգության ոլորտում՝ մենք պետք է գանք դպրոց և տեսնենք, թե դպրոցի որ դասասենյակում են սկսվել այդ պրոբլեմները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` շեշտելով, որ դպրոցը և կրթությունը դեպի բարեկեցություն տանող ճանապարհ են:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը այցելել է Երևանի թիվ 95 հիմնական դպրոց, որը նույնպես կառուցվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում: Դպրոցի նախագծային աշխատանքները մեկնարկել են 2020 թ. օգոստոսից, ավարտվել է 2022 թ. նոյեմբերին: Ընդհանուր առմամբ դպրոցի կառուցմանը տրամադրվել է 1 մլրդ 188 մլն դրամ: Բացի կառուցումից դպրոցը նաև նոր գույքով է հագեցվել, որի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 30 մլն 372 հազար դրամ: Շենքային պայմանները համապատասխանում են ժամանակակից կրթական պահանջներին: Դպրոցն ունի նաև բարեկարգված բակային տարածք, որն ամբողջովին ցանկապատված է: Նոր ուսումնական տարում դպրոցում սովորելու է 663 աշակերտ:

Ողջունելով ուսուցիչներին՝ վարչապետը նշել է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ուսուցիչների աշխատավարձի առնվազն կրկնապատկման հնարավորություն կա: Նա կոչ է արել ուսուցիչներին մասնակցել կամավոր ատեստավորմանը` իրենց համար ապահովելով ավելի բարձր վարձատրություն:

Այնուհետև վարչապետը եղել է Արարատի մարզի Դեղձուտ համայնքի միջնակարգ դպրոցում: Տիպային (մոդուլային) շենքը կառուցվել է ՀՀ կառավարության 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում: Դպրոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թ. Նոյեմբերից՝ պետական բյուջեի միջոցներով: Ընդհանուր առմամբ, դպրոցի կառուցմանը տրամադրվել է 743 մլն դրամ: Դպրոցը նաև նոր գույքով է հագեցվել, որի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 18,6 մլն դրամ: Այս դպրոցի շենքային պայմաններն էլ են համապատասխանում ժամանակակից կրթական պահանջներին: Դպրոցն ունի նաև բարեկարգված բակային տարածք, որն ամբողջովին ցանկապատված է: Նոր ուսումնական տարում դպրոցում սովորելու է 180 աշակերտ:

Նիկոլ Փաշինյանն ուսուցիչների, աշակերտների, ծնողների հետ հանդիպմանը նշել է, որ երրորդ անգամ է այցելում Դեղձուտի դպրոց. «Դպրոցից բարձր պետությունն է. մենք սա պետք է շատ լավ հասկանանք։Մենք պետություն և հայրենիք հասկացությունների ճիշտ հարաբերություններ պետք է կառուցենք։ Շատ ճիշտ է նշվում է, որ հիմա դժվար ժամանակներ են. իսկ ե՞րբ են ժամանակները եղել հեշտ և ե՞րբ են լինելու հեշտ։ Մեր հույսն այն է, որ գալու են հեշտ ժամանակնե՞ր, երբեք հեշտ ժամանակներ չեն լինելու։ Հույս ունեմ, որ դուք պատմությունը լավ եք սովորում և լավ կսովորեք ու կտեսնեք, որ ժամանակները միշտ էլ դժվար են յուրովի, յուրաքանչյուր ժամանակ դժվար է յուրովի,- նշել է վարչապետը և, դիմելով աշակերտներին, շարունակել,- ամենադժվարն առջևում է, և ամենադժվարը ձեր գործն է: Դուք ինքներդ ձեզ հետ պետք է պայմանավորվեք, որ դպրոցից դուրս եք գալու ուժեղ գիտելիքով, ուժեղ ֆիզիկապես, ուժեղ հոգեբանորեն և բոլորովին նոր վերաբերմունք ունենալով աշխատանքի նկատմամբ»։

Վարչապետի և կառավարության անդամների վերջին կանգառը եղել է Արագածոտնի մարզի Օհանավանի միջնակարգ դպրոցը, որը վերակառուցվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում: 2021 թվականին մեկնարկած ծրագիրն ավարտվել է այս տարի: Ընդհանուր առմամբ դպրոցի կառուցմանը տրամադրվել է 880 մլն դրամ: Բացի կառուցումից դպրոցը նաև նոր գույքով է հագեցվել, որի համար հատկացվել է 24,6 մլն դրամ: Շենքային պայմանները համապատասխանում են ժամանակակից կրթական պահանջներին: Դպրոցն ունի նաև բարեկարգված՝ կանաչապատ և ասֆալտապատ բակային տարածք: Նոր ուսումնական տարում դպրոցում սովորելու է 361 աշակերտ:

Օհանավանի դպրոցում տեղի է ունեցել նաև խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրապետությունում 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման ընթացքը: Վարչապետը հանձնարարել է աշխատանքներն իրականացնել սահմանված ժամանակացույցին համապատասխան՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով աշխատանքների որակին: