Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի և դպրության օրվա առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց, շնորհավորել դպրոցականներին և բարի երթ մաղթել նրանց նոր ուսումնական տարում:

Շնորհավորելով դպրոցականներին և ուսուցչական անձնակազմին՝ նախարարի տեղակալն ընդգծել է՝ գիտելիքն ու կրթությունը պետության հիմնաքարերն են:

«Պետությունը մարդիկ են, իսկ ուժեղ և հզոր պետություն ունենալու համար անհրաժեշտ են բանիմաց և ուժեղ մասնագետներ: Մաղթում եմ, որ բոլորդ լինեք առաջինը ձեր գործում, իսկ այսօր ձեր գործը սովորելն է»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը՝ նորանոր հաղթանակներ ու հետագա հաջողություններ մաղթելով աշակերտներին:

Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի տնօրեն Նարինե Մեհրաբյանը ևս շնորհավորել է դպրոցի սաներին, մանկավարժներին և ծնողներին Գիտելիքի օրվա կապակցությամբ.

«Կարևորելով գիտելիքն ու կրթությունը՝ բոլորիս ուժ և հաջողություն եմ մաղթում նոր ուսումնական տարում: Ապրեք՝ սիրելով և արժևորելով ձեր դպրոցը, քանի որ այստեղ դուք նաև երաժշտական կրթություն եք ստանում, և հենց դրանում է մեր յուրահատկությունը: Տարվա ընթացքում բազում հաջողություններ ենք ունեցել, և վստահ եմ, որ դրանք լինելու են շարունակական»,- ասել է Նարինե Մեհրաբյանը՝ տեղեկացնելով, որ ամռանը դպրոցի սաները միջազգային փառատոնի են մասնակցել և արժանացել մրցանակների:

Միջոցառման ընթացքում տնօրեն Նարինե Մեհրաբյանը հաղթող աշակերտներին է հանձնել իրենց մրցանակները: Մասնավորապես՝ «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում դպրոցի սովորողներ Գոռ Ենոքյանը, Հովհաննես Մանուկյանը և Մոնիկա Բաբուշկինան արժանացել են գլխավոր մրցանակին: Հովհաննեսը, ի դեպ, այժմ գտնվում է զինվորական ծառայության մեջ՝ պարտքը կատարելով հայրենիքին:

Դպրոցի մի շարք աշակերտներ և շրջանավարտներ արժանացել են առաջին և երկրորդ մրցանակների, իսկ նրանց ուսուցիչները՝ շնորհակալագրերի: Հատուկ շնորհակալագրի է արժանացել նաև դպրոցը:

«Շնորհավորում եմ մեր մրցանակակիրներին և նրանց ուսուցիչներին այս դժվարին ճանապարհն անցնելու համար: Ճանապարհը գեղեցիկ էր, ավարտը՝ ևս: Այսօր արդեն նոր սկիզբ է. վստահ եմ՝ այս ուսումնական տարում ավելի շատ հաղթանակներ ու մրցանակներ կունենանք: Բոլորս միասին պետք է աշխատենք՝ մեր դպրոցն ավելի լսելի և տեսանելի դարձնելու համար»,- եզրափակել է Նարինե Մեհրաբյանը:

Նշենք՝ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց այս տարի մուտք է գործել շուրջ 25 առաջին դասարանցի:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել ենթակառուցվածքներին՝ կրթական գործընթացում կարևորելով նաև պայմանների բարելավումը: Երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցում աշակերտների համար կա նաև գիշերակացի հնարավորություն՝ ծնողների ցանկության դեպքում: Երեխաներն ապահովվում են սննդով: