ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է «Բիզնես և կրթություն» ասոցիացիայի նախագահ Մարինե Ժամկոչյանի գլխավորած գերմանացի գործընկերների պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը: Հանդիպման առանցքում նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում առաջիկա հնարավոր ծրագրերի համագործակցության քննարկումն էր:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և նշել, որ պետական քաղաքականության շրջանակում միջազգային փորձի ուսումնասիրումն ու գործընկերների հետ համագործակցությունը, ինրպես նաև ոլորտում առկա ռեսուրսների համադրմամբ կրթության զարգացումը կարևորվում են գերատեսչության կողմից:

ԿԳՄՍ փոխնախարարն իրազեկել է, որ շրջանառության մեջ է գտնվում «Մասնագիտական կրթության և ոսուցման մասին» օրենքի նախագիծը, որը մշակվել է GIZ-ի գործընկերների հետ: Համաձայն օրենքի նախագծի՝ ոլորտում մի շարք կարգավորումներ կներդրվեն:

Արաքսիա Սվաջյանը հատկապես կարևորել է գերմանական փորձի տեղայնացումը Հայաստանում դուալ և աշխատանքի վրա հիմնված կրթության միջոցով: «Հետաքրքիր է քննարկել ձեր առաջարկած այլ ծրագրերի բովանդակությունը ևս, որը հնարավոր կլինի կիրառել Հայաստանի կրթական համակարգում»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը: Նա նշել է, որ կրթական այս մակարդակի համար նախարարությունը կարևորում է կրթության և տնտեսության՝ մասնավոր հատվածի սերտ համագործակցությունը:

Գերմանացի գործընկերները նշել են, որ իրենց ծրագրերի նպատակն է նպաստել ասոցիացիայի կայացմանը և ըստ այդմ՝ ուժեղացնել կրթություն-մասնավոր հատված համագործակցությունը:

Այս համատեքստում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանն իրազեկել է, որ նոր օրենքի նախագծի առանցքային դրույթներից է մասնավոր հատվածի ակտիվ մասնակացությունը միջին մասնագիտական կրթության ոլորտում: Այն հնարավորություն է տալու, որ մասնավոր հատվածը կրթական այդ մակարդակում ունենա ոչ միայն իրավունքներ և լիազորություններ, այլև հստակ պատասխանատվություն: Այսինքն՝ նպատակը ոչ միայն ավարտական փաստաթուղթ՝ դիպլոմ տալն է, այլև գործատուների կողմից ուսումնական արդյունքների ճանաչումը: Ըստ Արմենուհի Պողոսյանի՝ նոր օրենքի նախագծով հնարավորություն է տրվելու ուսումնական հաստատություններին՝ բարելավելու ձեռնարկատիրական գործունեությունը: Կստեղծվեն որակավորումների ազգային շրջանակներ, սեկտորական կոմիտեներ, որոնք դարձյալ կնպաստեն կրթությամբ տնտեսության կարիքների գնահատմանն ու բավարարմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը գերմանացի գործընկերներին ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը, մասնագետների կարողությունների զարգացման, մասնագիտությունների գրավչության բարձրացման, խրախուսման ծրագրերը, առանձին հաստատությունների շենքային պայմանների բարելավումն ու գույքային հագեցվածության ապահովումը: