ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային կինոկենտրոն:

Դանիել Դանիելյանը կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կառույցում, ծանոթացել կինոկենտրոնի տարածքին և կառուցվածքին՝ բաժիններին և դրանց գործառույթներին:

Տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը ներկայացրել է կինոյի ոլորտի առանձնահատկությունները, առկա գործընթացները, հայաստանյան ու միջազգային համագործակցությանն ուղղված առաջիկա կարևոր ծրագրերը, դրանց իրականացման ընթացքը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում իրականացվող և նախատեսվող միջազգային ծրագրերին: Դանիել Դանիելյանի նշմամբ՝ նախարարությունը մշտապես պատրաստակամ է նպաստելու միջազգային արդյունավետ նախաձեռնություններին, որոնք ուղղված են համատեղ նախագծերի իրականացմանը և բխում են ոլորտի զարգացման տեսլականից:

Նախարարի տեղակալը հետաքրքրվել է կինոարտադրության ոլորտում առկա խնդիրներով: Այցի ընթացքում քննարկվել և նախանշվել են դրանց լուծման հնարավոր տարբերակները: Այնուհետև Դանիել Դանիելյանն առաջարկել է քննարկումը շարունակել առաջիկայում՝ ոլորտի մյուս պատասխանատուների մասնակցությամբ՝ կինոարտադրության ոլորտում առավել արդյունավետ կարգավորումների ներդրման և կիրառման նպատակով: Այս համատեքստում Դանիել Դանիելյանը կարևորել է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումները և ներկայում ՀՀ Ազգային ժողովի կողմից շրջանառվող «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը կնպաստի ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնմանը և կինոարտադրության զարգացմանը: