ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Պարենի համաշխարհային ծրագրի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ մեկնարկել է «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի մենթորների 6-օրյա վերապատրաստումը:

Երկու փուլով անցկացվող վերապատրաստմանը մասնակցելու է Երևանի և մարզերի ավելի քան 100 մենթոր, որոնք ընտրվել են մրցութային կարգով դիմած 500 հայտատուից։ Առաջին փուլն իրականացվել է օգոստոսի 21-24-ը. 2-րդ փուլն անցկացվելու է սեպտեմբերի 22-23-ը։

Մրցույթն անցկացվել է հարցազրույցի միջոցով:

Մենթորների վերապատրաստման հիմնական թեմաներն են՝

  • սնուցում և ֆիզիկական ակտիվություն,
  • աճ, զարգացում, հիգիենա,
  • անվտանգություն, վտանգի կանխարգելում,
  • հոգեկան, հուզական և սոցիալական առողջություն,
  • փոխհարաբերություններ, սեռային խնդիրներ,
  • վնասակար սովորություններ, վարքագծային հիվանդություններ,
  • բռնություն, հալածանք, շահագործում,
  • սեռական և վերարտադրողական առողջություն:

Հանրակրթության նոր չափորոշչի համաձայն՝ «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակն իրականացվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-11-րդ դասարաններում:

«Առողջ ապրելակերպ» դասընթացի նպատակն է աշակերտին սովորեցնել գնահատել իր և այլոց առողջությունը՝ որպես կարևորագույն արժեք, ինչպես նաև ձևավորել գիտելիքների, կարողությունների, հմտությունների և արժեքների վրա հիմնված անվտանգ վարքագիծ: